Եթե հասարակության մեջ կան խնդիրներ, Ազգային ժողովը պետք է դառնա այն հարթակը, որտեղ պետք է դրանք քննարկվեն: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի համախմբմանը կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում: «Որևէ նախաձեռնություն ես չեմ կարող ստվերել, եթե նախաձեռնության մեջ կան մտահոգություններ, մենք պարտավոր ենք լսել դրանք, քննարկել: Ինչ վերաբերում է վերջին նախաձեռնությանը, այս ձևաչափը մեզ համար ընդունելի է, քանի որ հասարակության մեջ եթե կան խնդիրներ, ապա Ազգային ժողովն այն ամբիոնը պետք է դառնա, որտեղ կքննարկվեն հանրությանը հուզող այդ խնդիրները և կներկայացվեն նրա նց»:

 

Աբրահամյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե 4 ուժերի համագործակցության արդյունքում ժամանակի ընթացքում Հանրապետականից միայն բեկորները կմնան: Նա նշեց, որ Հանրապետական կուսակցությունը կուռ է, և նման խնդիր ինքը չի տեսնում: ԱԺ նախագահը նաև կարծիք հայտնեց, որ այդ համագործակցության արդյունքում ԲՀԿ-ն ՀՀ նախագահին անվստահություն հայտնելու հարց չի բարձրացնի:

 

Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի' կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը'Աբրահամյանն ընդգծեց, որ ինքն այս պահին նման նախաձեռնության վերաբերյալ դիմում չի ստացել, ուստի չի կարող այդ հարցին պատասխանել: «Ես չեմ կարող անդրադառնալ մի նախաձեռնության, որը դեռևս չկա»,- ասաց նա' հավելելով, որ ինքը վստահում է կառավարությանը:

 

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները համաձայնության են եկել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում: Նրանք պատրաստվում են այդ հարցը Ազգային ժողովում բարձրացնել ապրիլի 28-ին սկսվող քառօրյա նիստի ընթացքում: