Քեսաբում տեղի ունեցող վերջին իրադարձությունները կարող են հիմք ծառայել Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Մարտի 25-ին հրավիրված ասուլիսում այս մասին ասաց սիրիահայ Վազգեն Մեսրոպյանը' նշելով, որ վերջերս էլ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ցեղասպանությունը ճանաչող հայտարարությամբ էր հանդես եկել: «Հայկական կառավարությունը պետք է ամեն ինչ անի, դիմի միջազգային հանրությանը' վերջ դնելու Թուրքիայի կողմից վարվող այս քաղաքականությանը: Քեսաբը սիրիահայության համար ամենակարևոր շրջաններից մեկն էր: Այն Կիլիկյան թագավորության մեր վերջին ունեցվածքն էր»,-ասաց նա' հավելելով, որ այս քայլերով որոշակի նպատակներ է հետապնդում ոճրագործ Էրդողանը: «Քեսաբի վրա հարձակում գործած ահաբեկիչների մի մասը թուրքմեններ էին, որոնք ապրել էին Քեսաբում և գիտեին բոլոր ճանապարհները»,-հավելեց սիրիահայը:
Մեսրոպյանի խոսքով' ամեն վայրկյան հարձակում է սպասվում Լաթաքիայի վրա, որտեղ ապաստանել են Քեսաբից տարհանված հայերը:
Արաբագետ Արմեն Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ Սիրիայի ներսում տեղի ունեցող ռազմական գործողությունների ակտիվությունը կապված է Սիրիայից դուրս տեղի ունեցող գործընթացների հետ: «Սիրիական հակամարտության մեջ ներգրավված տարածաշրջանային գերտերությունները, մասնավորապես Ռուսաստանը և արևմտյան տերությունները, այսօր զբաղված են ուկրաինական հիմնախնդրով և իրենց ազդեցությունը թուլացրել են»,-ասաց նա:
Պետրոսյանը նշեց, որ պետք է հայությունը համախմբի իր ուժերն ու աջակցի մեր հայրենակիցներին:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքին մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի «Հայկական շտապօգնության մարմինը» Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սնունդով ապահովել է բնակիչներին: Մինչև 1947թ. ներգաղթը Քեսաբի շրջանը եղել է ամբողջովին հայաբնակ։ Դրանից հետո Քեսաբի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսաբցիների' Հայաստան ներգաղթին զուգահեռ այնտեղ սկսել են հաստատվել օտարազգիները։