Եվրոպան դեռ մի քանի տասնամյակ կմնա ռուսական գազի խոշորագույն սպառողը: Այս կարծիքին է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) գազի, ածխի և էլեկտրաէներգիայի գերատեսչության ղեկավար Լասլո Վարոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

 

«Ռուսաստանը տասնամյակներով կմնա եվրոպական շուկային գազի խոշորագույն մատակարարը, և Եվրոպան կմնա ռուսական գազի խոշորագույն սպառողը»,-ասել է Վարոն Բեռլինի խորհրդաժողովում:

 

Նա նշել է, որ ԷՄԳ-ն չի կիսում Եվրոպայում թերթաքարային գազի հանույթի զարգացման վերաբերյալ լավատեսությունը:

 

Անցած շաբաթ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը հայտարարել էր,որ Եվրամիության ղեկավարները մտադիր են միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի էներգակիրների մատակարարումներից իրենց երկրների կախվածության նվազեցման ուղղությամբ: Նրա խոսքով՝ կախվածությունը կարելի է նվազեցնել՝ բարձրացնելով էներգիայի օգտագործման արդյունավետությունը, ինչը կնվազեցնի էներգակիրների պահանջարկը, ինչպես նաև դիվերսիֆիկացնելով մատակարարումների աղբյուրները և օգտագործելով էներգիայի վերականգնվող աղբյուրները:

 

Եվրահանձնաժողովը պետք է մինչև հունիս պլան պատրաստի ռուսական էներգամատակարարումներից Եվրոպայի կախվածության նվազեցման վերաբերյալ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: