Հայաստանի 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով 2017 թվականին նախատեսվում է աղքատության մակարդակը երկրում հասցնել 23 տոկոսի' 2012-ի' 32.4-ի փոխարեն: Ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը և ներառվել է մարտի 27-ի նիստի օրակարգում:
Մասնավորապես, ծրագրով' 2021 թ.-ին աղքատության մակարդակը ծրագրվում է նվազեցնել մինչ 17, իսկ 2025-ին' 13 տոկոսի:
Ծայրահեղ աղքատության պարագայում ծրագիրը նախատեսում է 2017 թ-ին այն հասցնել 2.4 տոկոսի' 2012-ի' 2.8-ի փոխարեն, 2021-ին' 2.1, իսկ 2025-ին՝ 1.8 տոկոսի՝ ըստ Էության լուծելով այս հիմնախնդիրը: Ծրագրով' աղքատության կրճատման հիմնական գործոնները կլինեն տնտեսական աճով պայմանավորված բնակչության աշխատանքային եկամուտների աճը, այդ թվում՝ աղքատ բնակչության աշխատանքային եկամուտների առաջանցիկ աճը, ինչպես նաև սոցիալական ապահովագրությանն ու սոցիալական աջակցությանն ուղղված պետական ծախսերի ու դրանց նպատակայնության աճը:
«Հիմնախնդրի մեղմման առումով սոցիալական քաղաքականության ուղղակի միջոցառումները զուգորդվելու են տնտեսական քաղաքականության այնպիսի գործիքներով և լծակներով, ինչպիսիք են ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղակի աջակցությունը, ինչպես նաև զբաղվածության խթանումն այնպիսի ոլորտներում, որոնք խոստանում են հարաբերականորեն ավելի բարձր աշխատավարձի մակարդակ, օրինակ' տեղեկատվական տեխնոլոգիաներ, վերամշակող արդյունաբերություն»,- նշված է ծրագրում: Ծրագիրը նախատեսում է նաև անհավասարության կրճատում երկրում և նրա առանձին տարածքային միավորների միջև:
Ի դեպ, ներկա դրությամբ հանրապետությունում առավել աղքատ են համարվում Շիրակի, Կոտայքի, Լոռու մարզերը: Այստեղ աղքատները կազմում են բնակչության 39-46 տոկոսը: Առավել բարենպաստ վիճակում են Վայոց Ձորի, Արագածոտնի մարզերը և Երևանը, որտեղ աղքատները կազմում են բնակչության 20-25 տոկոսը: