Ուկրաինայի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը չի կարող նախադեպ հանդիսանալ նաև Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրման համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան։ «Ուկրաինայի հետ ստորագրված փաստաթուղթը մի մասն է կազմում ԵՄ-Ուկրաինա ասոցացման գործընթացի։ Այդ փաթեթում ներառված է նաև Խոր և համապարփակ ազատ ա ռևտրի համաձայնագրի կնքումը, որը արագ տեղի կունենա: Սակայն, չէի ցանկանա համեմատականներ անցկացնել Ուկրաինայի հետ: Ներկայումս Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվում են Վիլնյուսի հայտարարության շրջանակներում։ Մենք հուսով ենք առաջիկայում հստակեցնել Հայաստանի հետ ճյուղային համագործակցության ուղիներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքները, արդարադատությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, ներդրումային միջավայրի բարելավումը եւ այլն»,- ասաց Հրիսթեան։

 

Մարտի 21-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում անցկացվող Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթաժողովի ժամանակ նշել էր, որ այս փուլում կարևորվում է ԵՄ հետ համագործակցության նոր շրջանակի մշակումը: «Որպես առաջին քայլ՝ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման առաջարկությունը, առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի մասի, Հայաստանի համար, հավանաբար, լավագույն ուղին է»,- ասել էր վարչապետը։