Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը կարող է ստորագրվել մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրություններից մեկ ամիս անց։ Այս մասին հայտնում է Itar-tass-ը:
«Ես հուսով եմ, որ կանցկացվեն ազնիվ և ազատ նախագահական ընտրություններ։ Եվ մենք հույս ունենք, որ ընտրություններից մեկ ամիս անց կարող ենք հայտնվել լավագույն վիճակում՝ ստորագրման գործընթացն ավարտելու համար»,- ասել է Ֆյուլեն։
Նա նաև նշել է, որ ուկրաինական կառավարության, Գերագույն ռադայի և ողջ ուկրաինացի ժողովրդի առաջ շատ հարցեր կան դրված, այդ թվում՝ Ղրիմի ճգնաժամը։
Հիշեցնենք, որ երեկ ստորագրվել է ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը։