ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դատապարտել է մարտի 24-ին «Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ՄԻՊ աշխատակազմի տարածած հայատարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Օրերս Կարեն Անդրեասյանին էր դիմել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը՝ հայտնելով մարտի 24-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վահե Ավետյանի մահվան վերաբերյալ քրեական գործով դատավճռի հրապարակման ժամանակ և դրանից հետո իր հասցեին հնչած անհարգալից և սպառնալից խոսքերի վերաբերյալ: Ցավալի է, որ այդպիսի դեպքերը եզակի բնույթ չեն կրում: Վերջերս, Լյուքս Ստեփանյանի մահվան վերաբերյալ գործին մասնակցող փաստաբանի հետ ևս տեղի է ունեցել նմանատիպ միջադեպ:

 

Մարդու իրավունքների պաշտպանն իր խիստ մտահոգությունն է հայտնում դատարանի դահլիճներում նիստերը լուսաբանող լրագրողների, ինչպես նաև դատական գործերին մասնակցող փաստաբանների նկատմամբ սպառնալիքների, վիրավորանքների կապակցությամբ:

 

Դատական նիստերի դահլիճում մարդկանց հրապարակայնորեն վիրավորելն ու սպառնալն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է հենց դատարանի նկատմամբ, ինչի համար նախատեսված է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն:

 

Դատական նիստերին լրագրողների, փաստաբանների և այլ անձանց մասնակցությունը մրցակցային դատավարության, գործերի քննության հրապարակայնության կարևորագույն սկզբունքների տարրն է: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ճնշումների ցանկացած դրսևորում և ակնկալում է թե՛ ոստիկանության և թե՛ դատական կարգադրիչների ծառայության առավելագույն զգոնությունն ու պատրաստակամությունը»:

 

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 24-ին «Հարսնաքարի» գործով վեց ամբաստանյալներին դատապարտեց 12 տարվÕ ¡ ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի: Հայկական որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ' վճռի հրապարակումից հետո դահլիճում հայհոյանքներ և անեծքներ են հնչել դատավորի և փաստաբանի հասցեին:

 

2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկել մի քանի ռազմական բժիշկների, որոնցից մեկը' Պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր: