Եվրահանձնաժողովը հարգում է Եվրամիության երկրների այն բնակիչների կամքը, ովքեր պնդում են իրենց տարածաշրջանների անկախացումը, բայց նախազգուշացնում է, որ նորաստեղծ պետություններին հարկ կլինի միջազգային կազմակերպություններին անդամակցելու հայտ ներկայացնել: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:
«Քանի որ ես հարգում եմ ժողովրդի կամքը, չեմ մեկնաբանի՝ լավ է արդյոք երկրի այս կամ այն մասի անկախացումը: Դա նրանց որոշելիքն է՝ սահմանադրական կանոններին համապատասխան»,- ասել է Բառոզուն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Կատալոնիայի եւ Շոտլանդիայի անկախացումը:
«Եթե երկրի մի մասն անկախ է դառնում, ապա այն նոր պետություն է եւ հարկավոր է, որ նա անդամակցության հայտ ներկայացնի, եթե ցանկանում է մնալ Եվրամիությունում եւ ոչ միայն ԵՄ-ում, այլեւ ՆԱՏՕ-ում, Եվրախորհրդում, ՄԱԿ-ում: Դա ընդհանուր կանոն է»,- հավելել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: