Մասամբ ճանաչված Պաղեստինի պետությունը ծրագրում է 2015-ին լիարժեք անդամակցության հայտ ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպություն: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրին:
Նա հայտարարել է, որ Պաղեստինին հետ չի պահի այս հարցով ԱՄՆ-ի հնարավոր վետոն: Պաղեստինյան կողմի գլխավոր առաջադրանքն է հաղթահարել 9 ձայնի շեմը, որ հարկավոր են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում որոշումներ կայացնելու համար:
Մանսուրի խոսքով՝ այդ դեպքում պարզ կդառնա, որ Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասը սատարում է Պաղեստինին:
Այսօր Պաղեստինը ճանաչված է աշխարհի 135 երկրի կողմից, որոնց մեծ մասը երկիրը ճանաչել է 1988-1989 թթ: Օրերս Պաղեստինը ճանաչվել էր նաև Շվեդիայի կողմից: