Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչն անիծել է նրանց, ովքեր մարտի 27-ին համացանցում ձայնագրություն էին տեղադրել այն մասին, թե ինչպես են Թուրքիայի բարձարստիճան պաշտոնյաները որոշում Սիրիայի վրա հարձակման ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: «Թող Աստված հազար անգամ դժբախտություն տա նրանց»,- ասել է Արընչը' նշելով, որ իրենք ամեն բան կարող են համբերել, մտածել, սպասել, սակայն ոչ այն, որ մարդ կարող է իր պետությունը նվաստացնել, խոցել ազգային անվտանգությունը և «նպատակ ունենալ Թուրքիային խառնել մեկ այլ երկրի հետ պատերազմի մեջ»:
Համացանցում հայտնվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի, նրա օգնական Ֆերիդուն Սինիրլիօղլուի, Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ Յաշար Գյուլերի միջեւ Սիրիայում պատերազմ հրահրելու հնարավորության մասին խոսակցության գաղտնի երկու ձայնագրություն, որոնց հրապարակումը նոր սկանդալ է առաջացրել այդ երկրում: Խոսակցությունից երեւում է, որ Դավութօղլուն Սիրիայի դեմ պատերազմ սկսելու առիթներ է որոնում, ինչի համար առաջարկվում է օգտագործել սիրիացի իսլամիստների կողմ ից երկու օր առաջ արված հայտարարությունը, որտեղ նրանք սպառնացել էին, որ եթե Սիրիայի տարածքում գտնվող Սուլեյման շահի դամբարանը պահպանող թուրք զինվորները չիջեցնեն թուրքական դրոշը եւ երեք օրվա ընթացքում չհեռանան Սիրիայից, ապա իրենք «հողին կհավասարեցնեն» այն:
Ձայնագրության մեջ Հաքան Ֆիդանը նշում է, որ հարկ եղած դեպքում ինքը 4 մարդ կուղարկի Սիրիա, այնտեղից նրանք 8 հրթիռ կարձակեն Թուրքիայի տարածք, ինչով էլ Սիրիայի դեմ պատերազմ սկսելու հիմք կստեղծվի: Դավութօղլուն հավելում է, թե «պետք է հարձակվեինք 2012թ-ին, պետք է համարձակ որոշումներ ընդունեինք. ափսոս, որ Սիրիա չմտանք»: Այնուհետեւ թուրք գլխավոր հետախույզը հայտնում է, որ իրենք «մոտ 2 հազար բեռնատար զենք են ուղարկել Սիրիա»: Դրան հակադարձում է Յաշար Գյուլերը' նշելով, որ «այնտեղ ոչ թե զենքի, այլ զինամթերքի կարիք կա»: