Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչն անիծել է նրանց, ովքեր մարտի 27-ին համացանցում ձայնագրություն էին տեղադրել այն մասին, թե ինչպես են Թուրքիայի բարձարստիճան պաշտոնյաները որոշում Սիրիայի վրա հարձակման ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Թող Աստված հազար անգամ դժբախտություն տա նրանց»,- ասել է Արընչը' նշելով, որ իրենք ամեն բան կարող են համբերել, մտածել, սպասել, սակայն ոչ այն, որ մարդ կարող է իր պետությունը նվաստացնել, խոցել ազգային անվտանգությունը և «նպատակ ունենալ Թուրքիային խառնել մեկ այլ երկրի հետ պատերազմի մեջ»:
Համացանցում հայտնվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի, նրա օգնական Ֆերիդուն Սինիրլիօղլուի, Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ Յաշար Գյուլերի միջև Սիրիայում պատերազմ հրահրելու հնարավորության մասին խոսակցության գաղտնի երկու ձայնագրություն, որոնց հրապարակումը նոր սկանդալ է առաջացրել այդ երկրում: Խոսակցությունից երևում է, որ Դավութօղլուն Սիրիայի դեմ պատերազմ սկսելու առիթներ է որոնում, ինչի համար առաջարկվում է օգտագործել սիրիացի իսլամիստների կողմ ից երկու օր առաջ արված հայտարարությունը, որտեղ նրանք սպառնացել էին, որ եթե Սիրիայի տարածքում գտնվող Սուլեյման շահի դամբարանը պահպանող թուրք զինվորները չիջեցնեն թուրքական դրոշը և երեք օրվա ընթացքում չհեռանան Սիրիայից, ապա իրենք «հողին կհավասարեցնեն» այն:
Ձայնագրության մեջ Հաքան Ֆիդանը նշում է, որ հարկ եղած դեպքում ինքը 4 մարդ կուղարկի Սիրիա, այնտեղից նրանք 8 հրթիռ կարձակեն Թուրքիայի տարածք, ինչով էլ Սիրիայի դեմ պատերազմ սկսելու հիմք կստեղծվի: Դավութօղլուն հավելում է, թե «պետք է հարձակվեինք 2012թ-ին, պետք է համարձակ որոշումներ ընդունեինք. ափսոս, որ Սիրիա չմտանք»: Այնուհետև թուրք գլխավոր հետախույզը հայտնում է, որ իրենք «մոտ 2 հազար բեռնատար զենք են ուղարկել Սիրիա»: Դրան հակադարձում է Յաշար Գյուլերը' նշելով, որ «այնտեղ ոչ թե զենքի, այլ զինամթերքի կարիք կա»: