Ֆրանսահայությունը մարտի 31-ին՝ տեղի ժամանակով 18:30-ին, բողոքի ժողովրդական հավաք կկազմակերպի Փարիզում Թուրքիայի դեսպանատան առջև՝ պահանջելով Թուրքիայի իշխանություններից դադարեցնել Քեսաբի ուղղությամբ ահաբեկչական գործողությունները: «Քեսաբի վրա սանձազերծած հարձակումներն ուղղակիորեն հովանավորվել և օժանադկվել են Թուրքիայի կողմից, ինչը դատապարտվեց և ընդվզումի մեծ ալիք բարձրացրեց ողջ աշխարհի կողմից, Հայաստանից մինչև տարբեր գաղութներ:

 

Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը, Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Նոր Սերունդ»-ն անմիջպես տարբեր նախաձեռնություններ են իրականացրել: Հանրությանն ուղղված հաղորդագրություններով դիմել ենք Ֆրանսիայի ազատ մամուլին, տարբեր կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, հասարակական, ակադեմիական շրջանակների, գրավոր պահանջ ներկայացրել Ֆրանսիայի Ազգային ժողովին և նրա յուրաքանչյուր անդամի՝ պահանջելով միջազգային ճնշում գործադրել, որպեսզի անհապաղ դադարեցվի հակահայ այս արյունալի հարձակումը, ինչպես նաև Քեսաբից հեռացվեն ահաբեկչական խմբավորումները»,- նշված է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի՝ «Արմենպրես»-ին տրամադրած հաղորդագրության մեջ: Ֆրնսահայերի կողմից առաջիկայում նախաձեռնվելիք քայլերի մասին պարբերաբար կտեղեկացվի:

 

Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: 700-ից ավելի հայ ընտանիքներ այժմ հաստատվել են Լաթաքիայի Սբ Աստվածածին եկեղեցում: Տեղի Հայ շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Տեղեկություններ են տարածվել, որ զինյալներն ու նրանց հովանավորող թուրքերը թալանում են հայերին պատկանող գյուքն ու եկեղեցիները: