Հայտնի է դարձել, որ երկու օր առաջ գաղտնի կերպով Անկարա ժամանած եւ Թուրքիայի ազգային հետախուզուկան ծառայության պետ Հաքան Ֆիդանի եւ այլ պաշտոնատարների հետ հանդիպած Իսրայելի MOSSAD գաղտնի ծառայության պետի նախկին տեղակալ եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի էներեգետիկայի ու անվտանգության հարցերով հանձնակատար Դեւիդ Մեիդանը թուրքական կողմի Սիրիային ուղղված հնարավոր ռազմական գործողությունների հետ կապված Թուրքիային որոշ զգուշացումներ է արել:
Ինչպես հաղորդում է թուրքական «Թարաֆ» թերթը, Մեիդանը թուրք իրավասուների ուշադրությունը հրավիրել է Սիրիային ուղղված հնարավոր գործողությունների ռիսկերին: Նա ասել է, որ Սիրիան քիմիական զենքեր, ռուսական ու չինական արտադրության հեռահար գործողության հրթիռներ ունի եւ որ այդ երկիրը տեղ է զբաղեցնում աշխարհում քիմիական զենքի ամենամեծ պաշարներ ունեցող երկրների շարքում: Նրա խոսքով, Սիրիայի ռազմական հնարավորությունները ներում են, որ այդ հրթիռներն ուղ ղվեն Անկարայի, նաեւ Թուրքիայի արեւելյան ու հարավարեւելյան շրջանների վրա:
Երեկ համացանցում տարածվել է Թուրքիայի արտգործնախարարի, ազգային հետախուզական ծառայության պետի եւ ուժային կառույցների ներկայացուցիչների գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որում նրանք քննարկել են Սիրիայի վրա ռազմական հարձակում սկսելու առիթ ստեղծելու հարցեր:
Նշվում է, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ներկայիս լարված հարաբերությունները ԱՄՆ-ի ցանկությամբ զարգանում են «դրական» ուղղությամբ, եւ որ իսրայելցի պաշտոնյայի այցն Անկարա գնահատվում է հենց այդ համատեքստում:
Թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Անկարա կատարած այցին Դեւիդ Մեիդանը քննարկել է նաեւ մարտի 30-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցն Իսրայել կազմակերպելու, իսկ դրանից առաջ երկու երկրների դեսպանատաները փոխադարձաբար վերաբացելու հարցերը: