Հայտնի է դարձել, որ երկու օր առաջ գաղտնի կերպով Անկարա ժամանած և Թուրքիայի ազգային հետախուզուկան ծառայության պետ Հաքան Ֆիդանի և այլ պաշտոնատարների հետ հանդիպած Իսրայելի MOSSAD գաղտնի ծառայության պետի նախկին տեղակալ և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի էներեգետիկայի ու անվտանգության հարցերով հանձնակատար Դևիդ Մեիդանը թուրքական կողմի Սիրիային ուղղված հնարավոր ռազմական գործողությունների հետ կապված Թուրքիային որոշ զգուշացումներ է արել:Այս մասին հայտնում է թուրքական «Թարաֆ» թերթը:
Մեիդանը թուրք իրավասուների ուշադրությունը հրավիրել է Սիրիային ուղղված հնարավոր գործողությունների ռիսկերին: Նա ասել է, որ Սիրիան քիմիական զենքեր, ռուսական ու չինական արտադրության հեռահար գործողության հրթիռներ ունի և որ այդ երկիրը տեղ է զբաղեցնում աշխարհում քիմիական զենքի ամենամեծ պաշարներ ունեցող երկրների շարքում: Նրա խոսքով, Սիրիայի ռազմական հնարավորությունները ներում են, որ այդ հրթիռներն ուղ ղվեն Անկարայի, նաև Թուրքիայի արևելյան ու հարավարևելյան շրջանների վրա:
Երեկ համացանցում տարածվել է Թուրքիայի արտգործնախարարի, ազգային հետախուզական ծառայության պետի և ուժային կառույցների ներկայացուցիչների գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որում նրանք քննարկել են Սիրիայի վրա ռազմական հարձակում սկսելու առիթ ստեղծելու հարցեր:
Նշվում է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև ներկայիս լարված հարաբերությունները ԱՄՆ-ի ցանկությամբ զարգանում են «դրական» ուղղությամբ, և որ իսրայելցի պաշտոնյայի այցն Անկարա գնահատվում է հենց այդ համատեքստում:
Թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Անկարա կատարած այցին Դևիդ Մեիդանը քննարկել է նաև մարտի 30-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցն Իսրայել կազմակերպելու, իսկ դրանից առաջ երկու երկրների դեսպանատաները փոխադարձաբար վերաբացելու հարցերը: