Ինչպես հայտնում է itar-tass-ը, Facebook սոցիալական ցանցը հայտարարել է, թե Համացանցն ամենուրեք և ակնթարթորեն տարածելու համար մտադիր է օգտագործել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և մի քանի ուղեծրային արհեստական արբանյակներ:
«Մենք աշխատում ենք բառիս ուղղակի իմաստով՝ օդով, Համացանցն սպառողներին «հասցնելու» տարբերակների վրա»,-ասված է խոշորագույն սոցիալական ցանցի հիմնադրի՝ Մարկ Ցուկերբերգի հայտարարության մեջ, որը մեջբերել է «Ալ Մուհիիթ» ինտերնետ-պորտալը:
Ինչպես նշել է Ցուկերբերգը, իր ընկերության նպատակն է «ամենակարճ ժամանակում ինտերնետը դարձնել համապարփակ և ակնթարթորեն հասանելի յուրաքանչյուր մարդու համար»:
Facebook-ը նոր նախագծի մշակման գործում ներգրավում է ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) լավագույն մասնագետներին և Մեծ Բրիտանիայի առաջատար ընկերություններից մեկի գիտնականներին, ովքեր կզբաղվեն նոր տիպի անօդաչու թռչող սարքերի մշակմամբ, որոնք աշխատում են արևի էներգիայով: