Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի անդամակցության 70 տոկոս աշխատանքն արդեն իրականացվել է: Այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում մեկնարկած «Հայաստան-Մաքսային միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով համաժողովի մասնակիցներին հղված ուղերձում: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայտնի փաստ է՝ տնտեսական ինտեգրումն ընդլայնում է երկրի զարգացման հնարավորությունները, այդ փաստն է ընկած նաև Հայաստանի՝ ՄՄ-ին ինտեգրման հիմքում: ՀՀ նախագահի խոսքով՝ հնարավոր մարտահրավերների լուծման հնարավորությունն ընկած է համատեղ աշխատանքի արդյունավետության մեջ:

 

«Կարևոր փուլում այսօր առկա է հստակ ձևավորված աշխատանքային օրակարգ և ճանապարհային քարտեզ, որն իրականացման ճանապարհին է, և մեզ թույլ է տալիս համագործակցության նշանակալի առաջընթաց ապահովել: Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին անդամակցության աշխատանքների 70 տոկոսն արդեն կատարված են, իսկ մնացածն իրականացման ընթացքում է: Հաջորդ քայլը փաստաթղթի ստորագրումն է, որը կարձանագրի մեր երկրի անդամակցությունը եվրասիական ինտեգրման գործընթացներին: Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»,- նշել է ՀՀ նախագահը:

 

Մեկնարկեց Հայաստանի Հանրապետական կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովը «Հայաստան. Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով: Այն մեկ հարկի տակ է մեկտեղել տնտեսական փորձագետների, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների, հյուրերի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիալ մարմնից: Ընթերցվեց նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը:

 

Ելույթ է ունենում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախատեսված են նաև ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայայի, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի,պաշտոնատար այլ անձանց զեկույցները: