Թուրքիայում մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ իշխանությունների խոշոր կոռուպցիոն գործողությունների բացահայտումն այդպես էլ ոչ մի բացասական ազդեցություն չգործեց ընտրությունների արդյունքների վրա, ընդհակառակը, վերջին երեք ՏԻՄ ընտրություններում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ստացավ ընտրողների ձայների ամենաբարձր տոկոսը: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Մասնավորապես, թուրքական «T 24» անկախ ինտերնետային թերթը գրում է, որ երկու ամիս առաջ Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել էր թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, այդպես էլ չփոխեցին թուրքական առաջատար կուսակցությունների քվեների հավասարակշռությունը:
«Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների հետ կապված' թուրք ժողովրդի պատասխանը կոռուպցիոն սկանդալին եւ Ֆեթուլլահ Գյուլենի ու Էրդողանի միջեւ ծագած բախմանը վերջինիս օգտին եղավ: Ժողովուրդն այդպես էլ ոչ մի նշանակություն չտվեց իշխանությունների' կոռուպցիայի մեջ թաղված լինելու բացահայտումներին եւ կրկին քվեարկեց կոռումպացված ԱԶԿ-ի օգտին, ինչը դարձավ մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների ամենակարեւոր արդյունքներից մեկը»:
Ներկա դրությամբ 96,41 տոկոս քվեատուփերի ստուգման տվյալներով' ընտրություններում ԱԶԿ-ը ստացել է ընտրողների ձայների 45,07 տոկոսը, գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ)' 29,16 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը' 15,31 տոկոսը, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունը» (ԽԺԿ)' 3,79 տոկոսը:
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն, ՏԻՄ ընտրություններում բնակչության ակտիվությունը խիստ բարձր է եղել: Շատ փորձագետներ եւ դիտորդներ ընտրություններն անվանել են 2014 թ. օգոստոսին Թուրքիայում անցկացվելիք նախագահական եւ 2015 թ. անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձ: Այդուհանդերձ, Թուրքիայի քրդաբնակ հարավ-արեւելյան շրջաններում հակառակորդ թեկնածուների բախումների արդյունքում 9 մարդ զոհվել, 45-ից ավելի մարդ էլ վիրավորվել են: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել բախումների մասնակիցների նկտամամբ: Թուրքիայում ՏԻՄ ընտրությ ուններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 53 մլն մարդկանցից 43,5 մլն-ը:
Ամերիկյան մամուլը Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրությունները մեկնաբանել է որպես Էրդողանի «վճռական հաղթանակ»:
The Washington Post-ը գրել է, որ չնայած թուրքական կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր կոռուպցիոն սկանդալին եւ բողոքի ցույցերին, ԱԶԿ-ն հաղթանակեց եւ հող պատրաստեց Էրդողանի եւ նրա թիմի' իշխանության մեջ մնալու համար: