Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը մարտի 29-ին այցելել է Հադրութի շրջանի Տող և Տումի համայնքներ՝ տեղի բնակչության հետ հանդիպելու և համայնքապետերի գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու նպատակով: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ըստ հաշվետվության՝ Տող գյուղն ունի հարմարավետ պայմաններով դպրոց, մանկապարտեզ, արվեստի դպրոց, ինչպես նաև ապահովված է անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներով: Այդ տեսանկյունից գլխավոր ձեռքբերումը նախորդ տարվա ընթացքում ջրատար համակարգի կառուցումն է: Համայնքում գործում են գինու և մակարողենի գործարաններ, որոնց արտադրանքը սպառվում է թե′ ներքին, թե′ արտաքին շուկաներում:
Վարչապետն իր խոսքում նշել է, որ վերջին տարիներին շոշափելի աշխատանքներ են կատարվել Տողում անհրաժեշտ ենթակառուցվածքներ ապահովելու, ինչպես նաև համայնքի տնտեսական զարգացման ուղղությամբ: Նա գոհունակություն է հայտնել, որ համայնքում հացահատիկի բերքահավաքի արդյունքները բարձր են հանրապետական միջինից: Արա Հարությունյանը կարևորել է Տողի մելիքական ապարանքի ընթացող վերականգնողական աշխատանքները, որոնք կխթանեն զբոսաշրջիկների հոսքը դեպի համայնք՝ ստեղծելով եկամտի նոր աղբյուրներ:
Վարչապետը, ընդգծելով, որ համայնքային աշխատանքի բացակայություն է նկատվում հանրապետությունում, կոչ է արել բնակիչներին ավելի համախմբված լինել խնդիրների լուծման ճանապարհին: Այդ համատեքստում, ի պատասխան ներհամայնքային ճանապարհների բարեկարգման վերաբերյալ հարցին, նա խոստացել է նյութատեխնիկական համապատասխան միջոցներ տրամադրել՝ հորդորելով աշխատանքները կատարել համայնքային ուժերով:
Տումի գյուղում, ըստ համայնքի ղեկավարի հաշվետվության, բնակչությունը զբաղվում է հիմնականում անասնապահությամբ, հողագործությամբ և մեղվապահությամբ: Այստեղ ևս տարիներ շարունակ արձանագրվում են հացահատիկի բերքատվության միջինից բարձր ցուցանիշներ: Հիմնախնդիրներից առանձնացվել են ջրամատակարարման համակարգի խարխլվածությունը և դպրոցի շենքի ոչ բարվոք վիճակը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ըստ նախագահի նախընտրական ծրագրի՝ մինչև 2017թ. կկառուցվի նաև Տումիի ջրամատակարարման համակարգը: Նա նաև այցելել է պետբյուջեի միջոցներով կառուցվող մանկապարտեզի շենքի շինհրապարակ՝ ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին:
Գյուղերում բնակիչները հարց են բարձրացրել մսամթերքի գների վերաբերյալ՝ նշելով, որ անասուններն էժան գներով են մթերվում վերավաճառների կողմից: Ի պատասխան՝ Արա Հարությունյանը նշել է, որ գներն ազատականացված են, և պետությունը միջամտելու իրավունք չունի: Փոխարենը նա խորհուրդ է տվել կիրառել կոոպերատիվ իրացման մեթոդը՝ խուսափելով վերավաճառների կողմից թելադրվող գներից:
Հակակարկտային կայանների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ կառավարության ղեկավարը թերահավատություն է հայտնել դրանց ցանկալի արդյունավետության նկատմամբ, որը, ըստ նրա, հիմնված է անհաջող դեպքերի վրա: Արա Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ լուծումը գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդնումն է, ինչը որոշակի չափով կերաշխավորի հողատերերի վնասների փոխհատուցումը:
Արա Հարությունյանն այցելել է նաև Մարիամաձորի դաշտեր՝ ծանոթանալու պետական ծրագրով իրականացվող արտեզյան ջրհորների փորման աշխատանքներին: Այցի ընթացքում նրան ուղեկցել են գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը և Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը: