«Բարսելոնա» ֆուտբոլի ակումբի նախագահի պաշտոնակատար Խոսեպ Բարտոմեուն ասել է, որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր ակումբի նկատմամբ անարդար վերաբերմունք է ցուցաբերում:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, Բարտոմեուն այսպես է մեկնաբանել ՖԻՖԱ-ի սպառնալիքն' արգելել «Բարսելոնային» 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում (ֆուտբոլիստների տեղափոխման համար հատկացված ժամանակաշրջան) որևէ խաղացող վաճառել կամ գնել, եթե 90 օրվա ընթացքում ակումբը չկարգավորի իր իրավական փոխհարաբերությունները «Բարսելոնայի» անչափահաս ֆուտբոլիստների հետ:
Ինչպես հայտնի է, ՖԻՖԱ-ն մի շարք խախտումներ է հայտնաբերել անչափահաս ֆուտբոլիստների հետ «Բարսելոնայի» 2009-2013 թվականների պայմանագրերում և 450 000 շվեյցարական ֆրանկ գումարի պատժել ակումբին' սպառնալով նաև արգելել թիմի մոտակա տրանսֆերները:
«Նման պատժամիջոցներով ՖԻՖԱ-ն ցանկանում է փոխել մեր ակումբում արդեն 35 տարի գործող սելեկցիոն աշխատանքը: ՖԻՖԱ-ում շատ լավ տեղյակ են, որ մեզ մոտ անչափահաս ֆուտբոլիստների հետ տարվող աշխատանքը շատ բարձր մակարդակի վրա է և, մասնավորապես, այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լիոնել Մեսին և Անդրես Ինյեստան ոչ մի այլ տեղ չէին կարող ստանալ այնպիսի կրթություն, ինչպես «Բարսելոնայում»,- ասել է Բարտոմեուն: