ԳԱԼԱ. Լիբանանի հյուսիսային մայրաքաղաքում նոր ուժով բռնկված միջհամայնքային բախումների կասեցման փորձերն ավարտվել են անհաջողությամբ: Ինչպես հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը' հինգշաբթի օրը Տրիպոլիի փողոցներում երկպառակությունների զոհն է դարձել 9 մարդ: Շաբաթվա սկզբից մինչ օրս քաղաքում սպանվել է 22 մարդ, ավելի քան 150-ը ստացել են մարմնական վնասվածքներ:
Երկրի վարչապետ Նաջիբ Միկատին անձամբ միացել է թշնամի կողմերի միջև բանակցությունների գործընթացին: Նա կողմերին կոչ է արել համագործակցել Լիբանանի բանակի հետ, որի վրա Տրիպոլիում խաղաղություն և անվտանգություն ապահովելու պարտավորություն է դրված:
Միկատին ընդգծել է բանակայինների վրա հարձակումների անթույլատրելիությունը: Մինչ այդ, գիշերը հաղորդագրություն էր տարածվել, որ զինյալները կրկին հարձակվել են Էլ-Կուբբայի զորանոցի վրա:
Տաթև Ֆռանգյան