Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնից տեղեկացրել են, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Այն ալ Արաբ (Քոբանի) քաղաքի բախումների ընթացքում սեպտեմբերի 16-ից ի վեր 662 մարդ է զոհվել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զոհերից 374-ը «Իսլամական պետության» անդամներ են: Արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԻՊ-ի անդամները սկսել են նահանջել Այն ալ Արաբ քաղաքի մի քանի հատվածներից, և նախօրեին դադարեցվել նրանց առաջխաղացումը քաղաքում: Քրդական պաշտպանական ուժերը ԻՊ-ի հետ պայքարից հետո վերահսկողություն են հաստատել քաղաքի արևմտյան հատվածում գտնվող ճանապարհի վրա:

 

Այն ալ Արաբ կամ Քոբանի քրդաբնակ քաղաքը համարվում է Քրդական ինքնավար ադմինիստրացիայի խոշորագույն կենտրոններից մեկը Սիրիայի հյուսիսում: Հոկտեմբերի սկզբին այնտեղ բնակվում էին մոտ 100 հազար բնակիչներ: Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից:

 

Քաղաքը կարևոր նշանակություն ունի ԻՊ-ի համար, քանի որ այն գրավելու դեպքում կազմակերպությունը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Այն ալ Արաբ (Քոբանի) քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում: