Օձերը դուրս են գալիս ձմեռանոցներից այն ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը մի քանի օր պահպանվում է 17–20 աստիճանի սահմանում, այս տարի սողունների դուրս գալը ուշացել է՝ անձրևներով պայմանավորված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ, սողունաբան Արամ Աղասյանը։
Ըստ նրա՝ օձերի տեղանքը եթե ոչնչանում է, նրանք ևս ոչնչանում են, մինչդեռ եթե կաթնասունների լանդշաֆտն է ոչնչանում, այդ կենդանիները տեղափոխվում են այլ էկոհամակարգ։
Իսկ էկոհամակարգերի ոչնչացումը, ըստ Արամ Աղասյանի, տեղի է ունենում քաղաքաշինական, գյուղատնտեսական, տարբեր նպատակներով հողօգտագործման հետևանքով։
«Երևանում քիչ են մնացել այն օազիսները, որտեղ սնունդ կա, և եթե մարդու գործունեության հետևանքով այդ էկոհամակարգերը ևս ոչնչանան, ապա օձերի հետ մարդկանց հանդիպումները էլ ավելի կհաճախակիանան»,- ասաց ԲՆ ներկայացուցիչը։
Ըստ Արամ Աղասյանի, էկոհամակարգեր Երևանում և հարակից տարածքներում մի քանիսն են մնացել. Ջրվեժից Գառնի տանող թևը, Արզնու հատվածը, Հաղթանակի զբոսայգու որոշ հատվածներ, իսկ Հրազդանի կիրճը, որը բնական էկոհամակարգ էր՝ վեր է ածվել հանգստի գոտու։ Այնուամենայնիվ Երևան՝ իր հարակից շրջաններով, օձերի զանազանության առումով հարուստ է։
«Հայաստանում 21–22 տեսակ օձերից 15 տեսակը հանդիպում է Երևանի շրջակայքում, որից ամենավտանգավորը գյուրզան է»,- ասաց նա։
Երբեմն թվում է, որ օձերն ակտիվացել են կամ շատացել, մասնագետը համաձայն չէ նման դիտարկմանը, ըստ նրա՝ էկոհամակարգերի ոչնչացման հետևանքով են օձերն ավելի հաճախ հանդիպում մարդկանց հետ, որովհետեւ սնունդ են փնտրում մարդկանցով բնակեցված կամ նրանց կողմից շահագործվող տարածքներում։
Իսկ թե որքանով է վտանգավոր սահնօձը, որ հաճախ է հանդիպում, Արամ Աղասյանը ասաց որ սահնօձի մի քանի տեսակներ կան, սակայն թունավոր չեն. անգամ կարմրափոր սահնօձը, որին ժողովուրդը շահմար է ասում, թունավոր չէ։
«Երևանում և հարակից տարածքներում գյուրզա կա, որը թունավոր է և վտանգավոր, սողունին կարելի է ճանաչել կտրուկ նվազող պոչով»,- ասաց Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետը։
Նշենք, որ Հայաստանում հանդիպում են 21–22 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի ընտանիքին պատկանող 4 տեսակները՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, փոքրասիական իժը և անդրկովկասյան գյուրզան։
Ի դեպ, Դարևսկու իժն էնդեմիկ է եւ ընդգրկված է Կարմիր գրքում՝ որպես «կրիտիկական վիճակում գտնվող» սողուն, հանդիպում է միայն Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում։