Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյունի հետեւանքով զոհվել է 27 մարդ, ավելի քան 35-ը տուժել է: Այդ մասին հայտնել է Քաբուլի ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Ֆարիդուն Օբեյդին:

Ահաբեկչական գործողության զոհ են դարձել հիմնականում Բաքիր ուլ Ուլում շիա մզկիթի ծխականներ, որը գտնվում է Աֆղանստանի մայրաքաղաքի արեւմտյան մասի Ֆայզ Մուհամադ Քոթեբ պողոտայում, ասել է նա: Հաղորդվում է, որ ահաբեկիչն ինքնապայթեցումը կատարել է ծխականների բազմության մեջ կրոնական արարողության ժամանակ:

Նոյեմբերի 21-ին ավելի վաղ աֆղանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել Աֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնի Դար ուլ Ամանի շրջանի մզկիթի մուտքի մոտ: Աֆղանական 1 ՏՎ հեռուստաալիքը, վկայակոչելով ականատեսներին, տեղեկացրել է, որ ահաբեկչության զոհ են դարձել տասնյակ ծխականներ:

Այդ պայթյունը երկրորդն է դարձել նոյեմբերի 21-ի օրվա ընթացքում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի արվարձաններում եւ հանգեցրել առնվազն մեկ մարդու զոհվելու եւ մեկ ուրիշի վիրավորվելու, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: