Իրաքի մայրաքաղաք Բաղդադին հարավից մերձակա Մդաին քաղաքում, դեկտեմբերի 24-ին ահաբեկչական հարձակման հետևանքով 33 մարդ զոհվել, ևս 55-ը վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է իրաքյան ոստիկանու թյունը:
Մահապարտ-ահաբեկիչը վրան կապած պայթուցիկ սարքը պայթացրել է կառավարական ուժերի կողքին կռվող սուննի զինյալների մոտ, ովքեր սպասում էին իրենց աշխատավարձերին:
Հնարավոր է զոհերի թիվը փոփոխվի, քանի որ զոհերի թվում ծանր վիրավորներ կան:
Նախնական տեղեկություններով, զոհվել է բանակի 3 զինվոր:
Իրաքում ամսական միջին հաշվով բռնությունների զոհ է դառնում մոտ հազար մարդ: Իրավիճակն Իրաքում սրվել է «Իսլամական պետության» հարձակումներից հետո, որը կարճ ժամանակում հսկողություն է հաստատել երկրի 1/3-ի վրա:
Իրաքյան իշխանություններին դեռ չի հաջողվում վերահսկել իրավիճակը, չնայած որ վերջին շրջանում բանակը, տարբեր ցեղախմբեր և ազգային կամավորական ջոկատները լուրջ վնասներ են հասցրել ԻՊ-ին, ազատագրել նրա հսկողության տակ գտնվող տարածքներ: