Թել Ավիվի կենտրոնում ենթադրաբար երկու պաղեստինցիների կողմից հրաձգության հետեւանքով զոհվածների թիվը հասել է չորսի, վիրավորվել է 16 մարդ: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:
«Երկու ահաբեկիչներ կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա»,- Associated Press գործակալության հետ զրուցելիս ասել է ոստիկանության շրջանային տեղամասի ղեկավարը: «Հարձակվողներից մեկը տեղում ձերբակալվել է, երկրորդը՝ վիրավորված է եւ հոսպիտալացված»,- հավելել է ոստիկանը:
Ինչպես հայտարարել են Սուրասկիի անվան բուժկենտրոնում՝ չորս իսրայելացիների հիվանդանոց են հասցրել ծանր վերքերով, որոնցից նրանք ավելի ուշ մահացել են:
Միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի կենտրոնական ռազմական շտաբի եւ պաշտպանության նախարարության շենքերի համալիրի անմիջական մերձակայքում: Այս շրջանում տեղավորված են նաեւ բազմաթիվ սրճարաններ ու ռեստորաններ:
Շուկայի սրճարաններից մեկի դիտարկման խցիկի տեսագրության մեջ, որը հրապարակել է Իսրայելի հեռուստատեսությունը, երեւում է, թե ինչպես են երկու զինված տղամարդիկ կրակում այցելուների վրա:
Ինչպես հայտարարել է Սարոնա շուկայական համալիրի տնօրենը, իր թիկնապահների աշխատանքը, որոնք խանգարել են հարձակվողներին ներս մտնել, օգնել է կանխել էլ ավելի մեծ մասշտաբի ողբերգությունը: