Հայաստանում փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6 տոկոսով և հասել 156 հազար 653 դրամի: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով' պետական հատվածում փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.5 տոկոսով և դարձել 136 հազար 857 դրամ, իսկ ոչ պետական հատվածում աշխատավարձի աճը կազմել է 8 տոկոս (186 հազար 184 դրամ):
Այս տարվա հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը քաղաքներում կազմել է 155 հազար 263 դրամ, գյուղերում՝ 110 հազար 741: Այսինքն' գյուղերում աշխատողները ամսական միջինը 45 հազար դրամ պակաս են ստանում իրենց քաղաքաբնակ գործընկերներից: Հարկ է նշել, որ հունվարի տվյալներով ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը ստացել են ֆինանսական և ապահովագրական գործունեություն իրականացնողները (339 հազար 826 դրամ), այնուհետ' տեղակատվության և կապի ոլորտի ներկայացուցիչները (334 հազար 462) և հանքագործական արդյունաբերությունում աշխատողները (306 հազար 493 դրամ):
Մեր երկրում ամենացածր միջին աշխատավարձն ստացել են մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտի ներկայացուցիչները (88 հազար 578), ինչպես նաև գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառում աշխատողները (96 հազար 334 դրամ):
Ստացվում է, որ ամենաբարձր և ամենացածր միջին աշխատավարձ ստացողների վաստակածն իրարից տարբերվում են շոշափելի չափով՝ 3.8 անգամ:
2013 թվականի փետրվարին Հայաստանում միջին անվանական աշխատավարձը կազմել է 147 հազար 702 դրամ (պետական սեկտորում՝ 130 հազար 961 դրամ, ոչ պետականում՝ 172 հազար 331):