Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Իրակլի Շոթաձեն հայտարարել է, որ գլխավոր դատախազությունը կփորձի պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք գոյություն ունեն երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան քրեական գործի հետ կապված:

 

«Ինչպես հայտնի է, վրացական հասարակությանը հետաքրքրում է այդ գործի բոլոր մանրամասները և դատախազությունը պարտավոր է այդ գործը տանել մինչև վերջ: Դեռևս չեմ կարող խոսել գործի մանրամասների մասին, սակայն ժամանակին հասարակությունը կիմանա Զուրաբ Ժվանիայի մահվան պատճառները»,- վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ' ասել է Շոթաձեն:

 

Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է, որ Ժվանիայի մահվան գործով առկա են բազմաթիվ հարցեր և իրենք կփորձեն պատասխանել դրանց:

 

Զուրաբ Ժվանիայի մահը Վրաստանի նախկին իշխանությունները կապում էին գազից թունավորման հետ, սակայն այդ երկրի ներկայիս կառավարությունն այդ գործում տեսնում է Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության «ականջները»: