ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ՀՀ Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Քեսաբում տեղի ունեցած ողբերգության մասին եւ պահանջել ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկել Քեսաբ։ Ելույթում հայ պատգամավորը մարդկային ողբերգություն է անվանել առավելապես հայերով բնակեցված սիրիական Քեսաբ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները:

 

«Անհերքելի են փաստերը, որ Քեսաբի վրա կատարված ահաբեկչական հարձակումն իրականացվել է Թուրքիայի տարածքը հատած ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների կողմից։ Այդ բարբարոսական գործողությունների արդյունքում Քեսաբի հայ բնակչությունը տեղահանվել է։ Ահաբեկիչները պղծել են հայկական եկեղեցիները, ավերել ու թալանել են հայերի տները։ Հերթական ցեղասպանությունից փրկվելու համար Քեսաբը հայաթափվել է։ Կան նկարահանված կադրեր, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես են ահաբեկիչները Թուրքիայի սահմանից անարգել անցնում Սիրիա, դեպի Քեսաբի տարածք, եւ նույն այդ ահաբեկիչների շարքերում կան թուրքական բանակի զինվորներ։ Ուստի, թուրք պաշտոնյաների, իբր, անտեղյակ հայտարարությունները՝ թուրքիզմի հերթական դրսեւորումն են, ոչ ավելին։ Եւ պատահական չէր թուրքական հետազոտական կենտրոններից մեկի ղեկավարի հայտարարությունը, թե Սիրիայում ունենալ հայ համայնք, նշանակում է Հայաստանի ձեռքը միշտ երկար պահել Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի վրա»,- հայտարարել է Զոհրաբյանը' հավելելով, որ քաղաքացիական բնակչության դեմ ուժի ցանկացած կիրառում՝ անկախ նրանց էթնիկ, կամ կրոնական պատկանելությունից, պետք է դատ ապարտվի:

 

«ԵԽԽՎ-ն պարտավոր է արձագանքել Քեսաբում տեղի ունեցածին ու հստակ պարզաբանումներ պահանջել թուրքական իշխանություններից։ Մեկ տարի անց Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ Թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի։ Եւ խիստ հրատապ է, որ մեր Վեհաժողովը անհապաղ դիտորդական առաքելություն ուղարկի Քեսաբ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու եւ օր առաջ լուծումներ գտնելու համար»,- եզրափակել է Զոհրաբյանը։