ԵԽԽՎ-ն երեկ' ապրիլի 10-ի ուշ երեկոյան, քննարկել է քայքայիչ աղանդների եւ դրանց դեմ պայքարի նախագիծը: ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է քայքայիչ աղանդների եւ դրանց կործանարար հետեւանքների մասին, հատկապես' անչափահասների շրջանում: Պատգամավորն առաջարկել է, որպեսզի ԵԽԽՎ-ն հանձնարարի ազգային խորհրդարաններին խստացնել օրենսդրությունն անչափահասներին քայքայիչ աղանդների մեջ ներքաշելու հետ կապված' նշելով, որ պետք է գտնել ճիշտ հավասարակշռությունը մարդու հիմնարար իրավունքների եւ կրոնի ազատության դեպքում:
«Հարգելի գործընկերներ, քանի ընտանիք պիտի կործանվեր, քանի անչափահաս պիտի կործանվեր, որպեսզի մեր Վեհաժողովը վերջապես անդրադառնար քայքայիչ աղանդներին եւ նրանց կործանարար հետեւանքներին: Ես ողջունում եմ մեր գործընկերոջ' Ռուդի Սալեսի ներկայացրած զեկույցը, եւ լինեմ անկեղծ' այն համարում եմ շատ ուշացած: Երկու տարի առաջ, ես' որպես Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, իմ մի քանի գործընկերների հետ մեր խորհրդարանում նմանօրինակ նախագիծ ներկայացրեցի, որը տալիս էր «հոգեորսության» սահմանումը եւ որը հնարավորություն կտար օրենքի ուժով մեր քաղաքացիներին, անչափահասներին պաշտպանել վտանգավոր աղանդներից: Այն ժամանակ, սակայն, մեր հարգարժան Վենետիկի հանձնաժողովն անասելի աղմուկ բարձրացրեց մեր նախագծի շուրջ' այն համարելով խղճի ազատության ոտնահարում: Այսօր մեր գործընկերը շատ ավելի խիստ շեշտադրումներով եւ աղանդների դեմ պայքարի շատ ավելի խիստ պահանջներով նախագիծ է ներկայացրել, եւ դա միանգամայն ողջունելի է:
Եթե մենք խոսում ենք մարդու իրավունքներից ու չենք պայքարում այն աղանդների դեմ, որոնք մարդուն դարձնում են շատ դեպքերում ստրուկ' ոտնահարելով նրա ցանկացած իրավունք, ապա մենք ուղղակի զբաղվում ենք երեսպաշտությամբ: Մենք ուղղակի պարտավոր ենք կասեցնել վտանգավոր, ավերիչ աղանդների շքերթը մեր երկրներում, որոնք շատ դեպքերում, օգտվելով մարդկանց սոցիալական ծայրահեղ վիճակից, ընտանիքներին, անչափահասներին տանում են դեպի երաշխավորված կործանում: Միանգամայն համաձայն եմ զեկուցողի հետ, որ պետք է ուժեղացնել քրեական օրենսդրության այն դրույթները, որոնք պ ատիժ են նախատեսում մարդկանց եւ առաջին հերթին անչափահասներին տարբեր ֆիզիկական եւ հոգեբանական ազդեցությունների միջոցով այս կամ այն աղանդից կախյալ դարձնելը: Նույնը, ի դեպ, շատ ավելի մեղմ շեշտադրումներով, առաջարկում էինք ես եւ իմ գործընկերները, սակայն Եվրոպայի խորհրդից այն ժամանակ եկած «դատավիճռը» կասկածելիորեն լիբերալ էր քայքայիչ աղանդների դեմ:
Ես հույս ունեմ, որ այսօր իրավիճակ է փոխվել, տեսնելով, թե ինչ ավերածություններ են անում նմանօրինակ աղանդները: Երբ քաղաքացու, անչափահասի շահերը վտանգված են, անհրաժեշտ է գտնել ճիշտ հավասարակշռություն մարդու հիմնարար արժեքների եւ կրոնի ազատության միջեւ: Ես կոչ եմ անում կողմ քվեարկել այս շատ կարեւոր զեկույցին եւ կոչ անել ազգային խորհրդարաններին' անհապաղ ձեռնամուխ լինել քայքայիչ աղանդների դեմ պայքարի լրջագույն օրենսդրության մշակմանը»,-իր ելույթում ասել է հայաստանյան պատվիրակը: