Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն համաձայնել է հանդիպում անցկացնել քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Բոլիվարյան հանրապետության ղեկավարն այդ մասին հայտարարել է Հարավամերիկյան ազգերի միության արտաքին գործերի նախարարների հանձնաժողովի հետ ապրիլի 7-ին կայացած հանդիպումից հետո, որը Վենեսուելա է ժամանել հակամարտող կողմերի միջեւ երկխոսությունը կարգավորելու համար:
«Միրաֆլորես» նախագահական պալատում հանդիպումից հետո, որը շարունակվել է ավելի քան մեկ ժամ, Մադուրոն հայտնել է, որ հանձնաժողովի անդամների խնդրանքով ապրիլի 8-ին հանդիպում կունենա ընդդիմադիր Ժովորդավարական միասնության դաշինքի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ այդ հանդիպումը «խաղաղության ու միասնության ուղերձ կդառնա վենեսուելական ժողովրդի համար»:
Փետրվարի 12-ից Վենեսուելայում շարունակվող անկարգությունների հետեւանքով զոհվել է 39 մարդ: Գլխավոր դատախազության վերջին տվյալների համաձայն՝ այդ ընթացքում վիրավորվել է 608 մարդ, որոնցից 414-ը քաղաքացիական անձինք են, իսկ մնացածը՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: