Բաքվում հերթական անչափահասի ինքնասպանություն գործելու դեպք է գրանցվել: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, Բաքվի Սուրախանի շրջանի ոստիկանությունը հայտնել է, որ Գարաչուխուր ավանում կախվելով ինքնասպանություն է գործել միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի 13-ամյա աշակերտ Ազադ Զաման օղլու Մամեդովը: Նա կախվել է իրենց տանը: Անչափահասի ինքնասպանության դիմելու պատճառը հայտնի չէ:
Ադրբեջանի երեխաների իրավունքների գծով ոչ կառավարական կազմակերպությունների դաշինքի ազգային համակարգող Նաբիլ Սեիդովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանում տարեկան մինչեւ 90 երեխաներ ինքնասպանություն են գործում եւ ավելի շատ երեխաներ ինքնասպանության փորձ նախաձեռնում: Նրա խոսքով' Ադրբեջանում անցյալ տարի ինքնասպանությամբ կյանքին վերջ դրած ամենափոքր երեխան 9 տարեկան է եղել: «Ամեն տարի դեպրեսիաներից, ծանր ապրումներից եւ այլ հոգեբանական խախտումներից Ադրբեջանում տառապում են հազարավոր երեխաներ եւ անչափահասներ, հազարավոր երեխաներ էլ ականատես են լինում հանցավոր գործողությունների, բռնաճնշումների, այդ թվում նաեւ կենցաղային: Վերջին 2 տարիներին մոտ 300 երեխաներ Ադրբեջանում բախվել են տարբեր տեսակի բռնությունների: Միայն Բաքվում երկու տարվա ընթացքում 40 երեխաներ ենթարկվել են սեռական բռնության եւ շահագործման», -ասել է Սեիդովը:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ-ին այդ երկրում արդեն 71 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 12-ը անչափահասներ են եղել: 7 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում: