Ադրբեջանում ինքնասպանությունների ալիքը շարունակվում է, որոնց թվում քիչ չեն նաեւ այդ քայլին դիմող անչափահաս տարիքի անձինք: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, այսօր Բաքվում ինքնասպանություն է գործել Նարիմանովի շրջանի դպրոցական տարիքի անչափահաս բնակչուհին: 14-ամյա Չինարա Ռասիմ գըզը Ալիեւան նետվել է իրենց շենքի 5-րդ հարկից եւ տեղում մահացել: Փաստի առնչությամ բ հետաքննություն է տարվում:

 

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ. հունվարին այդ երկրում արդեն 34-ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 5-ը անչափահասներ են եղել: 4 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:

 

Ադրբեջանում հունվարին ինքնահրկիզման են դիմել ղարաբաղյան պատերազմի երեք հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իշխանությունների կողմից իրենց իրավունքների խախտման, իրենցից կաշառք պահանջելու եւ այլ պատճառներով:

 

Ադրբեջանի «Կանանց ճգնաժամային կենտրոնի» հոգեբան Ազադ Իսազադեն ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ երկրում ինքնասպանութունների աճը հասարակության մեջ ավելացող ագրեսիայի արդյունք է: Նրա կարծիքով, ինքնասպանությունը բողոքի ակցիա է: «Երբ մարդուն ոչ պետությունը, ոչ էլ հասարակությունը ուշադրություն չեն դարձնում, նա իր ձայնը լսելի դարձնելու համար ինքնասպան է լինում», -հայտարարել է ադրբեջանցի հոգեբանը:

 

Ադրբեջանում ինքնասպանությունների նման աննախադեպ ալիքը կանխելու համար հունվարին Բաքվում անցկացվել է հատուկ ֆլեշմոբ: