Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ապրիլի 10-ին տեղի է ունեցել Մեծ Պահքին նվիրված «Ապաշխարություն և հաշտություն» խորագրով խոկման արարողություն: Խոկման արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբանությունը, Հայ եկեղեցու Երիտասարդաց միությունների ու քրիստոնեական երիտասարդական ծրագրերի անդամներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի ավագ դասարանի աշակերտներ, զինծառայողներ ու բազմաթիվ հավատացյալներ:

 

Խոկումն սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով է հանդես եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Արարողության ընթացքում հոգևոր երգերի կատարումներով հանդես են եկել Գևորգյան Հոգևոր ճեմարանի, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» և «Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության «Կանթեղներ» երգչախմբերը, ինչպես նաև հոգևոր ընթերցումներ և ասմունքներ են հնչել մի խումբ երիտասարդների կողմից: & nbsp;

 

Խոկման ավարտին ներկաներին իր հայրական օրհնությունն ու պատգամն է բերել Ամենայն Հայոց կաթողիկոսը' ուրախություն հայտնելով, որ Եկեղեցու հավատացյալ զավակները համախմբվել են Մայր Աթոռում' միասին խոկման պահեր ունենալու' համեմված սուրբ հայրերի սրբազան աղոթքներով ու քաղցրաշունչ շարականներով: «Եկեղեցու հայրերը լուսամիտ տնօրինություն են կատարել' սահմանելով քառասնօրյա տևողությամբ պահեցողության շրջան, որպեսզի մարդ արարած, ով իր բնությամբ մեղանչական է, կարողանա ամբողջապես կենտրոնալ իր անձի վրա, լուսարձակի տակ վերցնել իր կյանքը' միաժամանակ վերլուծելով իր գործերը, և իր մտածումներում ըմբռնի, թե ինչպիսի վրիպումներ են տեղ գտել իր կյանքից ներս, որքան ժամանակ է իր սիրտը չարության ճիրաններում մնացել և, ի վերջո, որդեգրի Տիրոջ հետ հաշտության ճանապարհը» - իր խոսքում նշել է Ամենայն Հայոց Հայրապետը:

 

Նորին Սրբությունը երիտասարդներին հորդորել է սեփական կյանքից ներս առատացնել աղոթքը, որպեսզի հոգևորն առավել զորանա և իր մաքրամաքուր խորհրդով ուղեկցի իրենց կյանքի բոլոր օրերին: Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամել է նաև ամրապնդել իրենց հավատքը բարի ու ազնիվ գործերով' սրտակից և օգնական լինելով կարիքի մեջ գտնվող մարդկանց:

 

Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձել է սիրիահայության, մասնավորապես, քեսաբահայերի ծանր կացությանը' ներկաներին կոչ անելով աղոթել Սիրիայում խաղաղության վերականգնման համար և մասնակիցը դառնալ բորոր այն օգնության ձեռնարկումներին, որոնք իրականացվում են հանուն հայորդիների բարօր կյանքի վերահաստատման:

 

Վերջում Վեհափառ Հայրապետը խոկման արարողության մասնակիցներին մաղթել է, որ Աստված իր բյուրավոր շնորհներով նրանց առաջնորդի դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարություն:

 

Արարողությունն ավարտվել է «Պահպանիչ» աղոթքով, որից հետո Հայրապետական մաղթանքի երգեցողության ներքո Նորին Սրբությունն իր օրհնութունն է բաշխել հավատավոր ժողովրդին: