Ամերիկյան Qeens Chronicle շաբաթաթերթը Հայոց ցեղասպանության վերապրածներին նվիրված հոդված է պատրաստել: Արդեն 95 տարի է 1915 թվականի հայերի կոտորածների պատճառած ցավը տանջում է 99-ամյա Ազնիվ Կիրակոսյանին: «Իմ կյանքը շատ դաժան է եղել: Երբ մտածում եմ այդ մասին, լացս գալիս է: Երբեմն անկողին մտնելիս մտածում եմ ապրածս կյանքի մասին, իսկ երբ բացում եմ աչքերս, արդեն լույսը բացված է լինում»,- պատմել է Ազնիվ մայրիկը, ով չորս տարեկան էր, երբ 1915-1923 թվականներին Օսմանյան թուրքերի կազմակերպած հայերի սպանդի և տեղահանությունների ժամանակ մոր և այլ կանանց ու երեխաների հետ արտաքվել էր Սիրիայի անապատներ:
Իսկ 104-ամյա Փիրուզ Գալուստյանի հիշողությունից թեև ջնջվել են այդ զարհուրելի իրադարձությունների մանրամասները, սակայն զգացումները դեռ վառ են: Նա այդպես էլ չի կարողացել հաղթահարել մանկության տարիներին կրած դժվարությունները, ընտանիքի, հայրենի տան կորուստը: «Թուրքերը մեզ շատ վնաս են պատճառել: Նրանք խլել են մեզնից մեր տները և գույքը: Մենք ապրում էինք կենդանիների նման: Ես ատում եմ նրանց»,- ասել է Գալստյանը:
Թերթը նշում է, որ Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդն անհետանում է, սակայն դրա ուղղակի հետևանքները փոխանցվել են նաև հաջորդ սերունդներին: Վերապրածների երեխաների խոսքով' իրենց ծնողների դաժան կենսափորձն ուժեղ ազդեցություն է ունեցել նաև իրենց կյանքի վրա: «Մայրիկին վերապրած են անվանում, իսկ դա երկսայր դաշույն է, քանզի հարց է առաջանում. ի՞նչ է նա վերապրել: Դեռ մանկուց մենք ստիպված էինք համակերպվել այդ պատմություններին, և դա սպի է թողել մեզ վրա»,- նշել է Ազնիվ մայրիկի որդին:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները' կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: