Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովում հնարավոր են համարում համաուկրաինական հանրաքվեն մայիսի 25-ի նախագահական ընտրությունների հետ միաժամանակ անցկացնելը, բայց համապատասխան օրենսդրական բազայի առկայությամբ:

 

«Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 25-ին համաուկրաինական հանրաքվեի նշանակման դեպքում պատրաստ Է նախապատրաստել այդ հանրաքվեի անցկացումը համապատասխան օրենսդրական բազայի առկայությամբ»,-հայտարարել Է ԿԸՀ-ի նախագահ Միխայիլ Օխենդովսկին «Ինտեֆաքս»-ին արած մեկնաբանության մեջ:

 

Ապրիլի 14-ին ավելի վաղ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը չի բացառել համաուկրաինական հանրաքվեի անցկացումը մայիսի 25-ին ծրագրված նախագահական ընտրությունների հետ միաժամանակ: «Ես վստահ եմ, որ ուկրաինացիների մեծամասնությունն այդ հանրաքվեում, որը խորհրդարանի կողմից համապատասխան որոշման ընդունման դեպքում կարող Է անցկացվել նախագահական ընտրությունների հետ միասին, կարտահայտվի անբաժանելի, անկախ, ժողովրդավարական եւ ունիտար Ուկրաինայի օգտին»,-հայտարարել Է Տուրչինովը:

 

Ներկայում Ուկրաինայի հարավ-արեւելքում, մասնավորապես, Դոնեցկի, Լուգանսկի եւ Խարկովի մարզերում, բողոքի ակցիաների մասնակիցները հանդես են գալիս Ուկրաինայի ֆեդերալացման օգտին:

 

Նախօրյակին Ուկրաինայի նախագահի պաշտոնից հեռացված Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում կայացած արտակարգ մամուլի ասուլիսում կոչ է արել շտապ հանրաքվե անցկացնել երկրի ճակատագրի շուրջ: Նրա խոսքով՝ Ուկրաինան «մեկ ոտքով մտել է քաղաքացիական պատերազմի մեջ», ընդ որում հակամարտության բորբոքմանը մեղսակից է ԱՄՆ-ը:

 

Յանուկովիչն ընդգծել է, որ Ուկրաինան ընթանում է դեպի սնանկացում, իսկ երկրի ժողովուրդը երբեք չի ընդունի ազգայնամոլների թելադրանքը:

 

Նա երկրի նոր իշխանություններին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ եւ կոչ Է արել զինվորականներին չկատարել «հանցավոր հրամանները», չկրակել ուկրաինական ժողովրդի վրա: «Դա մարդիկ երբեք ձեզ չեն ների»,- հավելել է նա՝ հորդորելով ուկրաինացիներին «պահպանել Ուկրաինայի միասնությունը. պաշտպանել իրենց երկիրը»: