Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը դժվարանում է ասել, թե ով կլինի Ազգային ժողովի հաջորդ նախագահը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը չբացառեց, որ Ազգային ժողովի արդեն 130 պատգամավորներից ցանկացածը կարող է հավակնել ԱԺ նախագահի պաշտոնին: «Այդ հարցով կուսակցությունում քննարկումներ չեն եղել, չեմ կարող հստակ ասել, թե ով կլինի»,- ասաց Սահակյան:
Դիտարկմանը, թե մամուլում շրջանառվում են իր և Կարեն Կարապետյանի անունները, Սահակյանն ընդգծեց, որ հնարավոր է մամուլը՝ ինչպես Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու դեպքում, Կարեն Կարապետյանի դեպքում էլ ճիշտ դուրս գա: «Ինչ վերաբերում է ինձ, ես կարծում եմ, որ ես իմ դերակատարումը վաղուց ունեցել եմ, այնպես որ, իմ պաշտոնը հենց իմ պաշտոնն է, և վերջ»,- շեշտեց նա:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հաստատվել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիր: