Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահի պաշտոնում կնպաստի խորհրդարանի աշխատանքի հաջողությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: «Ես ծանոթ եմ Գալուստ Սահակյանի խորհրդարանական աշխատանքին, նրա քաղաքական գործունեությանը և կարող եմ ասել, որ նա կնպաստի խորհրդարանի աշխատանքի արդյունավետությանը»,- ասաց Վարդապետյանը:

 

Նա նշեց, որ աշխատել է նաև ԱԺ նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ու նրա գործունեությունը շատ բարձր է գնահատում: «Ես կարծում եմ, որ Գալուստ Սահակյանը արժանիորեն կփոխարինի Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում, որովհետև նա անցել է երկար ճանապարհ, երկար տարիների պատգամավոր է, ՀՀԿ խմբակցության ղեկավարն է. նաև կրթվածության մակարդակը և ինտելեկտուալ հնարավորությունները բավրարում են, որպեսզի խորհրդարանի աշխատանքներում նոր ձեռքբերումներ արձանագրվեն»,- ասաց նա:

 

Վարդապետյանը նշեց, որ հարգանք է տածում նաև ԱԺ նախագահի մյուս թեկնածուի՝ Հրանտ Բագրատյանի նկատմամբ, սակայն իր ձայնը տվել է Գալուստ Սահակյանին: «Այսինքն, դա նշանակում է, որ թեկնածուների մեջ իմ թեկնածուն Գալուստ Սահակյանն էր»,- ասաց նա:

 

Որպես ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամ' Տաճատ Վարդապետյանի համար անսպասելի է եղել, որ 106 պատգամավոր մասնակցել է քվեարկությանը: Նա նշեց, որ իրենք ենթադրում էին, որ ոչ իշխանական քառյակը, ինչպես նաև ՕԵԿ խմբակցությունը, որն արդեն հայտարարել է ընդդիմադիր լինելու մասին, չեն մասնակցի քվեարկությանը: «Սակայն, ինչպես տեսանք, պատգամավորները բավական ակտիվ մասնակցեցին քվեարկությանը, ինչն ԱԺ նորընտիր նախագահի բարձր հեղինակության և քաղաքական վարկանիշի վկայությունն է»,- ասաց Վարդապետյանը:

 

Դիտարկմանը, թե ԲՀԿ և ՕԵԿ խմբակցությունների որոշ պատգամավորներ քվեարկել են Գալուստ Սահակյանի օգտին, քանի որ Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկել էր ընդամենը 3 պատգամավոր, Տաճատ Վարդապետյանը նշեց, որ իրեն ուրախացնում է այդ հանգամանքը, քանի որ այս դեպքում ոչ իշխանական թևը հեռատես մոտեցում է դրսևորել: «Ոչ իշխանական խմբակցությունների այն պատգամավորները, ովքեր մասնակցել են քվեարկությանը և քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին, քաղաքական հասունություն են դրսևորել»,- ընդգծեց նա:

 

Գալուստ Սահակյանը փակ քվեարկության արդյունքում ընտրվել է ԱԺ նախագահ: Այդ պաշտոնի համար Գալուստ Սահակյանը պայքարում էր ինքնաառաջադրված թեկնածու Հրանտ Բագրատյանի հետ: Քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր, նրանցից 101-ը քվեարկել է Գալուստ Սահակյանի օգտին, 3-ը՝ Հրանտ Բագրատյանի, 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: