Ով ինչ ուզում է ասել, բայց փաստ է, որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ դժվար կարելի է գտնել ևս մեկին, ում վարչապետության ժամանակաշրջանը զանազանատիպ հակասություններով այնքան լի եղած լինի, որքան՝ Հովիկ Աբրահամյանի: Իհարկե, համարել, թե տնտեսությանը պատուհասած բոլոր աղետները բացառապես ասենք Հովիկ Աբրահամյանի վատ մենեջեր լինելու արդյունք էին, չափազանցություն կլիներ, բայց և տեղի ունեցածում բացառել սուբյեկտիվության գործոնը ևս չենք կարող.անկասկած է, որ եթե Հայաստանի կառավարության ղեկավար լիներ շատ ավելի պրոֆեսիոնալ ու սկզբունքային մեկն, ապա Հայաստանի տնտեսության՝ վերջին տարիների անկման հետևանքով ի հայտ եկած բացասական երևույթներն ու անկումային տրամադրությունները շատ ավելի մեղմ արտահայտված կլինեին, քան նույնիսկ կարելի է պատկերացնել:
Ինչպես հայտնի է, շուտով Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են: Ընտրություններն այդ, սակայն, ի տարբերություն նախորդների, առավել գլոբալ ազդեցություն են ունենալու երկրի ճակատագրի վրա. դրանցից հետո, ըստ էության, ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրությունը, որով Հայաստանը հայտարարվելու է խորհրդարանական պետություն՝ մի հանգամանք, որն իրենից ենթադրում է էական տեղաշարժեր թե՛ երկրի կառավարման համակարգում, թե՛ ներքաղաքական դաշտում՝ առհասարակ. թիվ մեկ հարցն այն է, թե ովքեր են մնալու, իսկ ովքեր՝ գնալու: Եվ ահա պարզվում է՝ ամենևին էլ չի բացառվում, որ գնացողների առաջին շարքերում հայտնվի վարչապետ Աբրահամյանն, ում՝ հավերժ ղեկավար մնալու ախորժակի մասին գիտեն անխտիր բոլորը:
Թե հատկապես ինչն է ստիպում մեզ՝ չարագույժ կանխատեսումներ անել Աբրահամյանի կարիերայի վերաբերյալ, կարծում ենք, այնքան էլ դժվար չէ կռահել. Բաղրամյան 26-ից եկող հստակ ազդանշաններն են: Իհարկե, բանը դեռևս չի հասել ուղիղ խոսքին, բայց դիմելաձևի միջնորդավորված տարբերակից այստեղ բավական ակտիվ են սկսել օգտվել: Իսկ ամենահետաքրքրականն էլ այն է, որ որպես միջնորդավորված խոսափող սկսել է հանդես գալ, մասնավորապես, Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը՝ հայտնի ԱՎԾ-ն, որն, ինչպես հայտնի է, գոնե մինչև հիմա սովոր էր հրապարակել այնպիսի «վիճակագրական» թվեր ու տվյալներ, որոնք կարող էին ինքնաներշնչման հրաշալի միջոց դառնալ ցանկացած մեկի համար, ով նախընտրում է զբաղվել ինքնախաբեությամբ ու, բացառապես նյարդեր չփչացնելու համար, ինքն իրեն համոզել, թե Հայաստանի տնտեսությունը, չնայած ամեն ինչին, շարունակում է աճել. ԱՎԾ վերջին տվյալների համաձայն՝ 2016 թ. հուլիսին 2015թ. նույն ամսվա համեմատ երկրի ՏԱՑ-ը մոտ 5% անկում է գրանցել: Սրան զուգահեռ վերջրես հաճախ կարելի է հանդիպել զանազան ուսումնասիրությունների մասին պատմող վիճակագրություններ, որոնք աներկբայորեն փաստում են Հայաստանի՝ վերջին շրջանում ունեցած անկման մասին՝ գրեթե բոլոր ուղղություններով (իսկ ցուցանիշներն, ինչպես հայտնի է, յուրատեսակ գնահատականներն են կառավարության գործունեության,որի համար ուղղակի պատասխանատուն Հովիկ Աբրահամյանն է): Ասել կուզի՝ Աբրահամյանին հասկացնում են՝ ինքը չունի համապատասխան տվյալներ մեծ հավակնություններ ունենալու, ու երբ ժամանակը գա, սուս-փուս պետք է հեռանա. փաստորեն՝ մարդուց ազատվելու ամենաօպտիմալ տարբերակն այլևս գտնված է:
Ինչ խոսք՝ Աբրահամյանի քաղաքական կարիերայի մայրամուտն անշրջելի կարող է դարձնել նաև ՊՊԾ գնդում տեղի ուենցած իրադարձությունները, որոնց հիմնական դրդապատճառներից մեկն, ինչպես հայտնի է, երկրում խիստ սրված սոցիալական վիճակն էր. ապստամբների հիմնական պահանջների ցանկում սոցիալականի մասնաբաժինը բավական մեծ էր, ինչը, բնականաբար, չէր կարող հօգուտ Աբրահամյանի լինել…
Իհարկե, ամենևին էլ ուտոպիստներ չենք, որ կարծենք, թե որ վայրկյանից Աբրահամյանը հեռանա վարչապետի պաշտոնից, երկրի վիճակը մեկ օրում շտկվելու է, տնտեսությունը բարգավաճելու է և այլն, բայց այն, որ Աբրահամյանի քաղաքական կարիերայի չեղած ապագան այլևս որոշված է, անկասկած է.«Մավրն արեց իր գործը, մավրը պետք է հեռանա»…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ