ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի վերջնական ընդունումը լուրջ հակազդեցություն կարող է առաջացնել պաշտոնական Անկարայում: Ինչպես հաղորդում է թուրքական Haberler.com-ը, այս մասին Մեքսիկայում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:

 

«Եթե բանաձևն անցնի Սենատ կամ ներկայացուցիչների պալատ, կամ էլ այս կապակցությամբ ղեկավարությունը հադնես գա հայտարարությամբ, ապա մենք կցուցաբերենք նախկինում ցույց տված արձագանքը, իսկ օրինագծի վերջնականապես որևէ ձևով ընդունվելու դեպքում, բնականաբար, մի սպասեք, որ Թուրքիան լուռ կմնա»,- ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

 

Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 10-ին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև: Վերջին 25 տարում սա առաջին դեպքն է, որ Սենատը նման բանաձև է ընդունում: Բանաձևն անցել է 12 կողմ և 5 դեմ ձայներով: Սենատին առաջարկվում է 2014թ. ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

 

Բանաձևի ընդունումից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարարը զանգահարել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին: Հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն Քերիին հայտնել էր, որ իրենք «բացասական ակնկալիքներ չունեն այս բանաձևից»: Նրա հավաստմամբ, Թուրքիայի կառավարությունը համապատասխան միջոցառումներ է իրականացնում այն նախաձեռնությունների դեմ, որոնք «կարող են անհանգստացնել Թուրքիային »: Դավութօղլուն հույս էր հայտնել, որ իրադարձությունները նման զարգացում չեն ստանա: