Երևանի քաղաքապետարանը գիտակցում է, որ քաղաքացին դժգոհ է ուղևորափոխադրումների որակից, բայց այդ որակի բարելավման իր պայմաններն է առաջադրում: Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ, Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանի խոսքով' առավել կարևոր է անվտանգ երթևեկության ապահովումը, քան ուղևորափոխադրման սակագինը:
«Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովի գործունեությունը նրա համար է, որ երևանցին ունենա բարեկարգ ուղևորափոխադրումային համակարգ: Այսօր երևանցին դժգոհ է նաև փոխադրամիջոցներից. ոչ բարեկարգ վիճակից'այն բանից, որ երթուղային տաքսիներում շատ մարդիկ են հավաքում: Փոխադրող ընկերություններն էլ նշում են, որ ներկայիս սակագնով հնարավոր չէ լավ պայմաններ ապահովել»,-ասաց Նաիրա Նահապետյանը' շեշտելով, որ թե' քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թե' Երևանի ավագանին կողմ է որքան հնարավոր է ցածր սակագնին, բայց, միաժամանակ, ապահով և բարեկարգ հասարակական տրանսպորտի գոյությանը:
«Մեր կարևոր գերխնդիրն է, որ մենք կագնած լինենք երևանցու կողքին: Քաղաքապետարանը և անձամբ Տարոն Մարգարյանը երջանիկ կլինի, որ տրանսպորը հիսուն դրամ լինի, բայց եթե մենք ուզում ենք բարելավել մեր քաղաքային ուղևորափոխադրումը, ապա պետք է պատրաստ լինենք, որ սակագինը կարող է բարձրանալ: Այդ դեպքում' մենք պետք է եզրեր գտնենք անապահով խավերի, ուսանողների, մեծահասակների համար սակագնի փոխհատուցման»,- ասաց Նաիրա Նահապետյանը:
«Հայաստանի ուղևորափոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանի պնդմամբ' նորմալ ուղևորափոխադրում իրականացնելու և շարժակազմը ավելացնելու համար, իրենք ընդունելի են համարում 200 դրամ սակագինը, որից 150-ը վճարի քաղաքացին, իսկ 50 դրամը' պետությունը փոխհատուցի: «Փոխադրողի աշխատանքն այդքան արժի: Այն, թե քաղաքացին չի կարող վճարել այդքան, մեր գործը չէ: Լուծումներ կան, որ բարձրացման դեպքում սակագինն ամբողջությամբ չլինի ուղևորի վրա»,- ասաց Հրանտ Եղիազարյանը:
Նրա համոզմամբ' հանձնաժողովի աշխատանքների արդյունքում Երևան քաղաքում ուղևորափոխադրումների սակագինը կբարձրանա, իսկ տրանսպորտային փոխադրումների որակի բարելավում պետք է ակնկալել այդ որոշումից երեք-չորս ամիս հետո:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով' Երևանում ուղևորափոխադրումների սակագինը բարձրացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ ուղևորափոխադրող ընկերություններն արդեն իսկ գերշահույթ են ստանում: Օգտվելով միջազգային փորձագետի ներկայացրած վերլուծության արդյունքներից, ըստ որի, Երևանում ամենապիկ ժամին տրանսպորտից օգտվում է 38 հազար ուղևոր, Բաբկեն Պիպոյանը նշեց, որ այդքան ուղևորի նորմալ պայմաններում փոխադրելու համար անհրաժեշտ է 1100 ավտոբուս, մինչդեռ այս պահին քաղաքում գործում է 440-ը: «Այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության ներքո կլինեն ուղևորափոխադրման գծերը, ես պատրաստ եմ պահանջվող 1100 ավտոբուսը ներկրել Հայաստան»,- հայտարարեց նա:
Երևանում նախորդ տարվա երկորդ կեսին ուղևորափոխադրող ընկերությունները սկսեցին վեր հանել հասարակական տրանսպորտի սակագինը բարձրացնելու հարցը' պատճառաբանելով, որ ներկայիս պայմաններում իրենք աշխատում են վնասով: Սկիզբ առավ «100 դրամների» ակցիան' տրանսպորտի գնի բարձրացման դեմ, որի արդյունքում սակագինը մնաց 100 դրամ, և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանում ուղևորափոխադրումների համակարգն ուսումնասիրող հանձնաժողով ձևավորվեց: Հանձնաժողովի խնդիրն է ուսումնասիրել դաշտն ու ներկայացնել համապատասխան եզրակացություն: