Ադրբեջանական բանակի զինվորների շրջանում շարունակվում են դժբախտ պատահարները զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով: Հերթական դեպքը գրանցվել է Նախիջևանում տեղակայված զորամասերից մեկում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, զինվոր Քյամրան Ռուսթամօղլու Ջալիլովը սեփական հրազենի հետ անզգուշ վարմունքի հետրանքով կրակել է ինքն իր վրա:
Վիրավորված զինվորն անմիջապես հոսպիտալացվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է կատարվածը: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:
2014 թ. հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանական հատվածը 28 զինծառայող է կորցրել: 6 զինծառայող զոհվել են հրադադարը խախտվելու արդյունքում, 3 հոգի ականի պայթյունի զոհ են դարձել: 19 զինծառայող զոհվել են ոչ մարտական պայմաններում, որոնցից 3 հոգի կյանքից զրկվել են ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, 9 հոգի էլ ինքնասպանություն են գործել: Զոհվածներից 25-ը Պաշտպանության նախարարության, 3-ն էլ Արդարադատության նախարարության զինծառայողներ են: 33 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: