Ադրբեջանական բանակում շարունակում են դժբախտ պատահարներ գրանցվել, որոնց զոհ են դառնում զինծառայողները: Հերթական անգամ ադրբեջանական բանակի զինծառայողն իր զենքից կրակել է ծառայակցի վրա: Ինչպես հաղորդում է Haqqin.az-ը, դեպքը գրանցվել է Աղդամի' պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկում:
Տուժած զինվորը' 18 ամյա Զոհրաբ Մամեդովը հոսպիտալացվել է: Բարեկամների հաղորդմամբ' Մամեդովի վիճակը ծանր է: Նշվում է, որ զինվորը վիրավորվել է ծառայակցի' զենքի հետ անզգուշությամբ վարվելու արդյունքում: Ադրբեջանի ՊՆ-ն չի հաղորդել կրակած զինվորի անունը:
Պաշտոնական տվյալներով, 2014 թ. առաջին հինգ ամսում Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտում զոհվել են 38 զինծառայողներ: Նույն ժամանակաշրջանում վիրավորների թիվը կազմել է 64 զինծառայող: Զոհվածներից միայն 8-ն են մահացել մարտական պայմաններում: Երեքը մահացել են ականի պայթյունից, ևս 27 զինծառայող ոչ մարտական կորուստներ են, որոնցից 6-ը զոհվել են ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, մեկը' չպարզաբանված հանգամանքներում, 4-ը' ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, 6-ը' հիվանդությունից, 10-ը' ինքնասպանություն են գործել: Զոհվածներից 33-ը պաշտպանության նախարարության, 3-ը արդարադատության նախարարության, մեկը ներքին զորքերի, մեկը սահմանային զորքերի զինծառայող է:
63 վիրավորներից 15-ը տուժել են ոչ կանոնադրական հարաբերությունների, 5-ը' ինքնասպանության փորձի հետևանքով, 10-ը' հրազենից, 8-ը' ականի պայթյունից, 21-ը' ՃՏՊ-ից, երկուսը' զինավարժանքների ժամանակ, մեկը' թունավորվել է: Նրանցից 55-ը ՊՆ, 4-ը' ներքին զորքերի, 3-ը' սահմանային ծառայության, մեկը' արդարադատության նախարարության զինծառայող է: