Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) Դերսիմից ընտրված պատգամավոր Հուսեին Այգյունը երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի եւ Ազգային հետախուզական ծառայության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանի դեմ դատական հայց է ներկայացրել Սիրիայում «մարդկության դեմ հանցագործություն , ցեղասպանություն գործելու, այդ նպատակով կազմակերպություն ստեղծելու» հիմնավորումներով: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:

 

«Ցավալի է, որ այսօրվա դրությամբ 100 հազար անմեղ մարդկանց մահվան պատճառ դարձած այդ արյունալի ներքին պատերազմի ամենամեծ աջակիցներից մեկն էլ մեր երկրի կառավարությունն ու նրա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն են: Այս ահաբեկիչ տարրերը սիրիական ներքին պատերազմի ընթացքում բազմաթիվ արյունալի գործողություններ են իրագործել, այդ գործողություններից մեկն էլ 2013 թ. ամռանը Սիրիայում զարին թունավոր գազի կիրառումով կատարված հարձակումն է:

 

Հստակ տեղեկությունների համաձայն, Սիրիայում զարին գազով հարձակումը այդ հանցագործության կասկածյալներից կատարվել է Էրդողանի գիտությամբ' MIT-ի ու Ժանդարմերիայի կողմից մատակարարված գազով:

 

Հիշյալ կասկածյալները Սիրիայում ընթացող ներքին պատերազմում զենքի եւ լոգիստիկ աջակցություն են ցուցաբերել ահաբեկչական տարրերին, ինչի շնորհիվ ահաբեկիչները կոտորել են մեծ թվով անմեղ մարդկանց: Այդ ահաբեկչական տարրերի գլխավոր թիրախը հանդիսացել են ալեւիներն ու ալեւիներով բնակեցված գյուղերը: Այդ հանցագործները պետք է մեղավոր ճանաչվեն Թուրքիայի քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով' «ցեղասպանություն» եւ 77-րդ հոդվածով' «մարդկության դեմ հանցագործություն» կատարելու մեջ», -ասվում է ընդդիմադիր պատգամավորի ներկայացրած դատական հայցում :