ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ՝ ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջով։ Այդ մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը ներկայացվել է ապրիլի 27-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։

Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է հայտնել Հրանտ Բագրատյանի դեմ դատական հայց ներկայացնելու իր որոշման պատճառների վերաբերյալ.

«Հրանտ Բագրատյանի դեմ դատական հայցի մասին

Քանի որ զանգեր եմ ստանում լրատվամիջոցներից ու ընկերներիցս Հրանտ Բագրատյանի դեմ դատական հայց ներկայացնելու վերաբերյալ, հարկ եմ համարում այստեղ մանրամասնել որոշմանս հիմքերն ու պատճառները.

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ապրիլի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ վիրավորական արտահայտություններ է արել, ինչպես նաեւ գոյություն չունեցող փաստեր վերագրել ինձ:

Վիրավորանք

Նախկին վարչապետն իր գրառման մեջ ինձ անվանում է «սորոսական էմիսար», «սորոսական թափթփուկ», մտապնդումներ անում, թե' մեջբերում եմ. «թքած ունենք Արցախի ընտրությունների վրա, ինչպես Ադրբեջանը»:

Զրպարտություն

Բագրատյանը ինձ է վերագրում բաներ, որոնք աղերս չունեն իրականության հետ: Մասնավորապես հայտարարում է, թե իբր ես, Արցախի ընտրությունները հայտարարել եմ կեղծված, պահանջել եմ Բակո Սահակյանի հրաժարականը, օգտագործել եմ Արցախի հեղափոխական ուժերին եւ այլն:

Վիրավորանքից զատ, Բագրատյանի այս հայտարարությունը բացահայտ սուտ է եւ' ըստ իս, նպատակ է ունեցել շեշտադրված նեգատիվ ենթատեքստ տալով խեղաթյուրել հանրային ըկալումները իմ նկատմամբ, ուստիեւ' պատասխան է տալու դատարանում:

Մնում է հուսալ, որ հայցը կլսվի հնարավորինս սեղմ ժամկետներում եւ չի արժանանա իմ ու ընկերներիս արդեն երկար ձգվող մի քանի այլ հայցերի ճակատագրին»,- գրել է Խառատյանը: