Ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին, Կիևյան կամրջի մեջտեղի հատվածից' աջ մայթի երկայնքով երկինք բաց կթողնվեն օդապարիկներ: Միջոցառումը կմեկնարկի ժամը 19:30-ին:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում միջոցառման նախաձեռնող Հայկ Մարկոսյանը, ով մասնագիտությամբ կադաստրի մասնագետ է, նշեց, որ իր մեջ այս գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ ինքը հեռուստատեսությամբ լսել է, որ մի կղզում ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչել են նաև երկինք օդապարիկներ բաց թողնելով:
Նրա խոսքով, նախպաձեռնության մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արված հայտարարությունն ադեն բազմաթիվ օգտատերերի մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել, և, իր կանախատեսմամբ, մոտ 200 մարդ կմասնակցի կայանալիք միջոցառմանը:
Մարկոսյանը տեղեկացրեց, որ նա դիմել է Երևանի քաղաքապետարան' օդապարիկներով ակցիան անցկացնելու համապատասխան թույլտվություն ձեռք բերելու համար:
«Այս նախաձեռնության իմաստը անմեղ զոհերի հիշատակը հարգելն է, իսկ օդապարիկները խորհրդանշում են նրանց հոգիների երկինք բարձրանալը:
»,- ասաց կազմակերպիչը' ավելացնելով, որ իրենց մասնակցությամբ մարդիկ խթան կհանդիսանան մյուս տարի' Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կայանալիք ավելի մեծ ու ազդեցիկ ակցիայի կազմակերպման համար:
«Մասնակցենք ակցիային ի լուր աշխարհի, ի լուր ջայլամի նման գլուխն ավազի մեջ մտցրած պետությունների»,- հավելեց Մարկոսյանը:
Քանի որ այս նախաձեռնությունը չի հովանավորվում որևէ կազմակերպության կողմից, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մասնակից իր հետ ունենա օդապարիկներ, ցանկալի է կարմիր:
Ակցիայի հաջողությունը կախված է նաև եղանակային բարենպաստ պայմաններից, կազմակերպիչը հույս ունի, որ ապրիլի 24-ին քամին իրենց չի խոչընդոտի: