Հայաստանի Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ կայացած կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ հանդիպումն արդյունավետ են համարում: «Շատ ենք կարևորում այն, որ վարչապետը պատրաստակամ է խնդիրները լուծել, և բարձրացված հարցերին լիարժեք պատասխաններ հնչեցին: Խնդիրը երկու փուլի է բաժանվում, առաջին փուլն այս կարճաժամկետ հատվածն է, որպեսզի վերականգնվի հասարակության վստահությունը: Դա նշանակում է, որ այնպիսի փոփոխություններ պետք է լինեն, որոնք թույլ կտան, որ քաղաքացիները բացառապես իրենց կամարտահայտությամբ համակարգին մասնակցեն, չի լինելու որևէ պարտադրանք, չի լինելու տույժ ու տուգանք: Երկրորդ փուլն արդեն նոր մոդելի մշակումն է, որը ենթադրում է հասարակության տարբեր շերտերի ներգրավումը, դա ավելի երկար ժամանակ է պահանջում»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը:

 

Նրա խոսքով՝ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ առաջիկա երկու օրերին պատրաստ կլինի կառավարության մշակած օրենքի նոր նախագիծը, որը կդրվի քննարկման: Արծվիկ Մինասյանը կարևորեց այն, որ այս փուլում պարտադիր բաղադրիչի կասեցման ուղղությամբ կառավարությունը պատրաստ է կոնկրետ քայլեր անել: Նրա խոսքով՝ մինչև հաջորդ երկուշաբթի կառավարության նոր նախագիծը պատրաստ կլինի:

 

Լրագրողների հարցին՝ Հովիկ Աբրահամյանն այսօրվա քննարկմանը հստակ ասե՞լ է, որ պարտադիր բաղադրիչը չի գործելու և պարտադիր պահումներ չանող գործատուները չեն տուգանվի, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այո, ասել է, գործատուներն էլ տույժ ու տուգանքներ չեն վճարի»:

 

Միաժամանակ, ՀՅԴ պատգամավորն ասաց՝ քանի դեռ կառավարության նոր նախագիծը պատրաստ չէ, իրենք վերջնական եզրակացություն չեն կարող անել:

 

Հարցին, թե այս դեպքում ԱԺ ոչ իշխանական ուժերը, որոնք ԱԺ արտահերթ լսումներ էին փորձում կազմակերպել պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ, հետ կկանգնե՞ն իրենց մտադրությունից, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այս պահին, քանի դեռ չկա կառավարության նախագիծը, նման պնդում անելը ճիշտ չէ: Նախագիծը կլինի, կտեսնենք, թե որքանով են մեր և «Դեմ եմ» շարժման առաջարկություններն իրացված այդ նախագծում, այն ժամանակ էլ կտանք մեր հետագա քայլերի վերաբերյալ հստակ տեղեկություն»:

 

Հարցին՝ ինչո՞վ են բացատրում կառավարության դիրքորոշման փոփոխությունը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ Սահմանադրական դատարանի որոշումն ավելի խորությամբ ընթերցվել է, ինչպես նաև հասարակական ընդվզումը, Սերժ Սարգսյանի դրական դիրքորոշումը համակարգը վերանայելու ուղղությամբ ու Հովիկ Աբրահամյանի բազմիցս հնչեցրած ցանկությունն իրար հետ համատեղվել են: Ըստ Մինասյանի՝ դրան է գումարվել նաև քաղաքական ոչ իշխանական և ընդդիմադիր ուժերի պատրաստակամությունը, որ համագործակցեն հարցը լուծելու ուղղությամբ: