Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերն ավստրիական OMV կորպորացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է եվրոպացի սպառողներին գազի մատակարարման ավելացման հնարավորությունը, սակայն շրջանցելով Ուկրաինան: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Քննարկումների հիմնական թեման «Հյուսիսային հոսք» գազատարի և OPAL մայրուղու հավելյալ ծանրաբեռնվածության մասին է, որն անցնում է Գերմանիայի տարածքով՝ միացնելով «Հյուսիսային հոսքը» Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի գազատար ցանցերին:

 

«Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը ցույց է տվել, որ ռուսական գազը Եվրոպա մատակարարելու այլընտրանքային երթուղիների խիստ անհրաժեշտություն է առաջացել», -հայտնել է Միլլերը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրամիության առաջնորդներին ուղղված նամակում ներկայացրել է Ուկրաինայի գազի պարտքի խնդրի շուրջ իր մտահոգությունը և առաջարկել ընդունել արտակարգ միջոցառումներ՝ խնդրի կարգավորման համար: