ԵՄ-ում սպասում են, որ Հայաստանը կոնկրետ ասի, թե որոնք են Մաքսային միության պարտավորություններից բխող սահմանափակումները: Ինչպիսի՞ն է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ապագան, ինչո՞ւ Ուկրաինայի հետ ԵՄ-ն կնքեց Ասոցացման համաձայնագիրն առանձին-առանձին, իսկ Հայաստանի հետ՝ ոչ: «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան նաեւ անդրադառնում է ուկրաինական ճգնաժամին եւ խոսում Եվրամիություն-Մաքսային միություն ապագա համագործակցության տեսալականի մասին:


-Պարոն դեսպան, ինչպե՞ս եք տեսնում Հայաստան-ԵՄ հետագա համագործակցությունը: Կոնկրետ ո՞ր ուղղություններով կզարգանանան հարաբերությունները:

 

-Նախորդ տարի Վիլնյուսում արդեն ամրագրվել է Արևելյան գործընկերության շրջանակում զարգացման եւ ամրապնդման բազմակողմ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որը ներառում է բոլոր այն ոլորտները, որտեղ կա փոխադարձ հետաքրքրություն: ԵՄ-ն ուշադրությամբ հետեւում է Հայաստանի Մաքսային միության անդամ դառնալու զարգացումներին եւ Եվրասիական միության ստեղծմանը: Երկու գործընթացների արդյունքում, բնականաբար, կլինի Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաիմաստավորում: Մենք սպասում ենք, որ Հայաստանը մեզ կոնկրետ ասի, թե որոնք են սահմանափակումները, որ բխում են Մաքսային միության պարտավորություններից: Հաշվի չառնելով այն հանգամանքը, որ անհնար է իրականացնել Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ Խոր եւ համապարփալկ ազատ առեւտրի համաձայնագիրը, ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ շարունակել իր հարաբերությունները` համաձայն Վիլնյուսում ձեռք բերված պայմանավորվածության: Մենք կարող ենք կառուցել հարաբերություններ հաշվի առնելով մինչ օրս հասած արդյունքները, կանոնավորելով ապագա համագործակցության հնարավորություններն ու հավակնությունները, ինչպես նաեւ, հաշվի առնելով Մաքսային միության շրջանակներում Հայաստանի ապագա պարտավորությունները: Ապագայի իրավական հիմքի առնչությամբ մեզ հաջողվել է պաշտպանել համաձայնություն, բայց ոչ նախաստորագրված նախագիծ երկու կողմերի համաձայնությամբ, որը հնարավորություն կտա հետագա օգտագործման:  


-2015թ. Ռիգայում կանցկացվի Արեւելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը: Որո՞նք են ԵՄ սպասելիքներն այդ գագաթնաժողովից:

 

-ԵՄ-ն ակնկալում է, որ Ռիգայում կայանալիք հերթական գագաթնաժողովը տեղի կունենա 2015թ. առաջին կիասամյակում, որտեղ մենք մտադիր ենք վերանայել Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ընդունված համատեղ հռչակագրի իրականացման հարցը,  պայմանագրերն ու կառուցվածքը եւ կանխորոշել ապագա գործընկերության ուղին:


-Եթե հետադարձ հայացք գցենք 2013թվականին, որո՞նք էին այն խնդիրները, որոնց պատճառով Արեւելյան գործընկերության ծրագիրն ընդհանուր առմամբ կյանքի չկոչվեց:


-Ձեզ հետ համաձայն չեմ: Վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ բոլոր կողմերը հաստատել են համաձայնագրի խոստումնալից եւ արդյունավետ լինելը: Մենք նաեւ ստորագրել ենք մի շարք համաձայնագրեր եւ համատեղ հռչակագրեր, ինչպիսիք են վիզայի ընթացակարգերի պարզեցման համաձայնագիրը Ադրբեջանի հետ, Վրաստանի հետ կնքված շրջանակային պայմանագիրը, որը թույլ է տալիս մասնակցության ունենալ ԵՄ ճգնաժամային կառավարման գործընթացներին, Վրաստանի եւ Մոլդովայի հետ նախաստորագրված վիզային ռեժիմի եւ Խոր ու համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյ ալ համաձայնագիրը: Ուկրաինայի հետ կնքվել է  Civil Aviation պայմանագիրը, ինչպես նաեւ արվել է ՀՀ եւ ԵՄ համատեղ հայտարարությունը:


-Վիլնյուսի գագաթնաժողովի եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարաձությունների ֆոնին մի շարք փորձագետներ տեսակետ էին հայտնում, որ ԵՄ-ն չի ուսումնասիրել  հետխորհրդային երկրների պատմությունն ու պատշաճ կերպով չի գնահատել ռիսկերը Արեւելյան գործընկերության ծրագիրը գործարկելուց առաջ: Որքանո՞վ է այդ տեսակետը համապատասխանում իրականությանը:

 

-Արեւելյան գործընկերության ծրագիրը մեկնարկել է 2009թ. Եվրամիության եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների համար: Համատեղ նախաձեռնությունը թույլ է տալիս գործընկեր պետություններին, ովքեր հետաքրքրված են ԵՄ ինտեգրմամբ եւ այդ կառույցի հետ քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերի բարձրացմամբ, իրականացնել այդ նախագծերը: Այս ծրագիրը հիմնված է ընդհանուր հավատարմության, միջազգային իրավունքի եւ հիմնարար արժեքների պահպանման մի շարք ոլորտներում, որոնցից են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, շուկայական տնտեսության կայուն զարգացումն ու արդյունավետ կառավարումը: ԵՄ-ն առաջադրեց կոնկրետ գաղափարներ յուրաքանչյուր գործընկեր երկրում, եւ նպատակն էր բարելավել հարաբերությունները յուրաքանչյուր երկրի հետ առանձին:


-Ո՞րն էր պատճառը, որ մինչեւ Վիլնյուսյան գագաթնաժողովը Երեւանում անընդհատ հետաձգվում էր Դոնորների համաժողովը: Երեւանում այն տեսակետն է շրջանառվոմ, որ համաժողովի մի քանի անգամ հետաձգումները նույնպես բացասական ազդեցություն ունեցան գագաթնաժողովի վերջնական արդյունքների վրա:

 

-Ի սկզբանե, երբ քննարկվում էր Դոնորների համաժողովը, ԵՄ-ն կարեւոում էր  նորացված ազգային զարգացման ռազմավարությունն ու տեղում բարձր որակի ապահովումը, որպեսզի հնարավոր լիներ դոնորների աջակցությամբ ապահովելու ազգային բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունները: Որպես զարգացման նոր ռազմավարության, երբ Հայաստանը գտնվում էր նախապատրաստական շրջանում, ԵՄ- ն օգնում էր բարելավել որակն ու առարկայական դիտողություններով, առաջարկություններով աջակցել փաստաթղթի մշակմանը: Հայկական կողմի զարգացման փաստաթղթի մշակումը նախատեսվածից ավե լի երկար է տեւել: Համաժողովի ինտենսիվ նախապատրաստական աշխատանքների արդյունքում, մինչեւ Հայաստանի արտաքին քաղաքականությունում տեղի ունեցած շրջադարձը, նախատեսվում էր, որ դոնորների համաժողովը կլինի 2014թ. սկզբին, հետեւաբար պնդումները, որ դոնորների համաժողովը որոշիչ գործոն է հանդիսացել՝ հավաստի եւ համոզիչ չէ: 


-Ի՞նչ է տեղի ունենում ԵՄ ինտեգրացման առումով Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներում: Քանի որ ԵՄ-ն ընդլայնվել է, եւ այդ երկրները դարձել են հարեւաններ եւ նրանց անվտանգությունը, կայունությունը եւ բարգավաճումը նույնպես որոշակի ազդեցություն ունեն ԵՄ-ի վրա: ԵՄ եւ իր Արեւելյան գործընկերների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի համագործակցությունը որքանո՞վ է կարեւոր ԵՄ-ի արտաքին կապերի եւ հարաբերությունների համար:

 

-Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ԵՄ-ն այս պահին առավելապես կենտրոնացած է ճգնաճամի կանխարգելման ուղղությամբ: ԵՄ- ն բոլոր կողմերին կոչ է անում շարունակել մասնակցել երկխոսությանը, որը դեպի խնդրի լուծում տանող միակ ուղին է` հանուն միասնության, երկրի տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ հանուն կայուն, բարգավաճ եւ ժողովրդավարական ապագայի Ուկրաինայի բոլոր քաղաքացիների համար: ԵՄ-ն նաեւ առաջարկել է իր աջակցությունը՝ խթանելու տնտեսական եւ քաղաքական բարեփոխումները Ուկրաինայում: ԵՄ-ն հավատարիմ է Ուկրաինայի հետ համագործակցության հետեւո ղական եւ սերտ հարաբերությունների պահպանման իր քաղաքականությանը, որոնք ընդգրկում են աստիճանական առաջընթաց ինչպես քաղաքական ասոցացման, այնպես էլ տնտեսական ինտեգրմանուղղություններով: Ուկրաինան հանդիսանում է առաջնային գործընկեր պետություն Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) եւ Արեւելյան գործընկերության (ԱլԳ ) շրջանակներում:  ԵՄ-ն Ուկրաինայի հետ ստորագրեց Ասոցացման համաձայնագրի քաղաքական դրույթներն ու պատրաստ է ստորագրել նաեւ համաձայնագրի մնացած կետերը:


-Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո նոր իրավիճակ ստեղծվեց, ինչը Ուկրաինայում հանգեցրեց հեղափոխության: Ուկրաինայի նոր իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են կնքել Ասոցացման համաձայնագիրը, բայց իրականում կնքվեց միայն համաձայնագրի քաղաքական հատվածը: Ենթադրվո՞ւմ է, որ Հայաստանի հետ էլ կկնքվի նման համաձայնագիր, եւ եթե նման նպատակադրություն ԵՄ-ում չկա, չե՞ք կարծում, որ ԵՄ-ն երկակի խաղ է խաղում: Ստացվում է՝ Ուկրաինայի պարագայում հնարավոր է համաձայնագիրը բաժանել, Հայաստանի պարագայում` ո՞չ:

 

-Հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված արտակարգ իրավիճակը, ԵՄ-ն որոշեց մինչեւ մայիսին կայանալիք նախագահական ընտրությունները ստորագրել համաձայնագիրը որպես աջակցություն Ուկրաինային: Համաձայնագիրը բաժանված չէ: Ինչ վերաբերում է համաձայնագրի տնտեսական հատվածին, հանձնաժողովը որոշել է ընդունել միակողմանի տնտեսական միջոցներ, որոնք կնպաստեն, որպեսզի ապագայում Ուկրաինան ստորագրի նաեւ համաձայնագրի տնտեսական հատվածը: Առաջնահերթ մոտեցումն այն է, որ Ուկրաինան կունենա քաղաքական միություն եւ կունենա բաց շուկա դեպի ԵՄ` մինչեւ բուն համաձայնագրÕ « ստորագրումը: Սա պետք է դիտել որպես ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ համերաշխության նշան: Քաղաքական ասոցացումն ու տնտեսական ինտեգրումը շարունակում են մնալ շաղկապված, սակայն այնպես, որ հաշվի առնվեն կարիքներն ու արտակարգ դրության հանգամանքները: Հայաստանի պարագայում համաձայնագիրն ընդունվել է որպես մեկ գործիք, եւՄաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը նշանակում է, որ մի մասը` Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը այլեւս չի իրականացվի: Սա նշանակում է, որ ամբողջ իրավական փաստաթուղթը չի կարող ստորագրվել կամ նախաստորագրվել:


-Վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ Վրաստանի եւ Մոլդովայի հետ կքնվեցին Ասոցացման համաձայնագրեր, իսկ Ադրբեջանի հետ փոխըմբռնման հուշագիր: Ինչպիսի՞ն են զարգացումներն այդ երկրներում:

 

-Մարտի 21-ին ԵՄ անդամ պետությունների ղեկավարները կայացրեցին որոշում, եւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը Վրաստանի եւ Մոլդովայի հետ կկնքվի այս տարվա հունիսին: Աշխատանքներն այժմ ընթանում են այդ նպատակին հասնելու համար: Ադրբեջանը ստորագրել է մուտքի վիզաների դյուրացման, շարժունակության եւ ռեադմիսիայի գործընկերության վերաբերյալ համաձայնագիր: Ադրբեջանը վավերացրել է վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը, եւ Եվրոպական խորհրդարանը տվել է իր համաձայնությունը: Բանակցությունները շարունակվու մ են Ասոցացման համաձայնագրի եւ արդիականացման ռազմավարական գործընկերության, ինչպես նաեւ ավիացիոն համաձայնագրերի շուրջ: Բանակցությունները չեն ներառում Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ադրբեջանը դեռեւս չի անդամակցում է ԱՀԿ-ին:


-Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները հատկապես ուկրաինական հեղափոխության եւ Ղրիմի հանրաքվեի համատեքստում: Որքանո՞վ է իրատեսական Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների կիրառումը: Մի շարք փորձագետներ վստահ են, որ պատժամիջոցների կիրառումը բացասական ազդեցություն կունենա նաեւ Եվրամիության վրա: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

 

-Թույլ տվեք Ձեզ հիշեցնել 2014թ. Եվրոպայի խորհրդի եզրակացությունը: ԵՄ-ն պատրաստ է աջակցել ու մասնակցել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ կառուցողական երկխոսությանը: ԵՄ-ն աջակցում է բոլոր բազմակողմանի նախաձեռնություններին, որոնք նպատակաուղղված են իրավիճակի հանդարտեցմանը: Քեթրին Էշթոնը բանակցություններ է վարում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ եւ քննարկում ուկրաինական ճգնաժամը: Այժմ զբաղված են հանդիպման օրվա եւ վայրի ընտրությամբ, որտեղ պետք է քննարկվի հարցը՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մասնակցությամբ: Հանդ իպումը նախատեսված է հաջորդ շաբաթ: Ապրիլի 14-ին արտաքին գործերի խորհուրդն արդեն գնահատել էր վերջին զարգացումները: 


-Եւ վերջին հարցը. մոտ ապագայում տեսնո՞ւմ եք համագործակցություն Եվրամիության եւ Մաքսային միության միջեւ:

 

-Մենք ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի ցանկությունը, որպեսզի տեսնենք որքան երկիր է միանում Մաքսային միությանը, եւ մենք կարծում ենք, որ այդ երկրները, ներկա դրությամբ Մաքսային միության շրջանակում, նույնպես կշահեն Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերություններից: Ինչպես ԵՄ նախագահ Խոսե Մանուել Բառոզոն է ընդգծել հունվարին ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովի ժամանակ, մենք հույս ունենք մոտ ապագայում հասնել էական առաջընթացի, որի նպատակն է լինելու ԵՄ-Ռուսաստան նոր համապարփակ համաձայնագիրը: ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ հնարավոր ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ նպատակներին, որոնք կարող են բաց լինել նաեւ այլ երկրների համար`ԱՀԿ-ի սկզբունքների հիման վրա: Նոր համաձայնագրի վերաբերյալ քննարկումները դադարեցվել են մարտի 3-ին՝ Ռուսաստանի` Ղրիմի անօրինական անեքսիայի հետեւանքով:


ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ