ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին մարտի 10-ին ընդունել է Սլովենիայի Նախագահ Բորուտ Պահորը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սլովենիայի Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունները գ տնվում են բարձր մակարդակի վրա, և իր երկիրը մտադիր է շարունակել համագործակցության համակողմանի զարգացումը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ իր այցի նպատակն է քննարկել Սլովենիայի հետ փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քայլերը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներին, գործարար համաժողովների կազմակերպմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մշակութային, գիտակրթական բնագավառներում փոխգործակցության խորացման հնարավորություններին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։ Սլովենիայի Նախագահը վերահաստատել է աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրանց առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։
Սլովենիայի Նախագահը խնդրել է իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին։