Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորական աթոռներ զբաղեցնող քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության առաջնորդ Սելահեդդին Դեմիրթաշը խորհրդարանական խմբակցության ժողովում ունեցած ելույթում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, հայտարարել է, որ 99 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը նման են ֆաշիստական Գերմանիայում իրականացված ցեղասպանությանը: Քուրդ կուսակցապետը Թուրքիայի կառավարությանը կոչ է արել առերեսվել Հայոց ցեղասպան ության հետ:
Ինչպես հաղորդում է «Ակոս» թերթը, քուրդ քաղաքական գործիչն ընդգծել է, որ աշխարհում ճնշված ժողովուրդների նկատմամբ կատարված բռնությունները պետք է չանտեսվեն: Դեմիրթաշը հայտարարել է, որ ապրիլի 24-ը առիթ է, որ Թուրքիայում առերեսվեն տեղի ունեցած բոլոր ողբերգությունների հետ:
Նա նշել է, որ երիտթուրքերի կողմից հայերին ցեղասպանության ենթարկելու նախաձեռնությունն սկսվել է 1915 թ. ապրիլի 24-ին Ստամբուլում 246 հայ մտավորականների աքսորով եւ սպանությամբ:
«Ոչ թուրք եւ ոչ մահմեդական հանդիսացող բոլոր էթնիկ խմբերին այս հողերից մաքրելու ծրագիր է իրականացվել, իսկ հայերի նկատմամբ թշնամական վերաբերմունքը դեռ շարունակվում է», -ասել է քուրդ կուսակցապետը:
Սելահեդդին Դեմիրթաշը նշել է, որ թուրքական կառավարությունը տեղի ունեցածի հետ առերեսվելու փոխարեն դեռեւս շարունակում է ոչ մահմեդականների նկատմամբ խտրական վերաբերմունքը: «Եթե ներողություն չխնդրենք, ոչ ոք չի կարող խոսել Թուրքիայում բնակվող 76 միլիոն մարդու եղբայրության մասին», -ընդգծել է նա: Դեմիրթաշը ուշադրության է հրավիրել այն հանգամանքին, որ վարչապետ Էրդողանը Թուրքիայում ապրող էթնիկ խմբերը թվարկելու ժամանակ չի նշել ոչ մահմեդականներին: